Պետք է Հայոց ցեղասպանությունը ճանաչենք եւ ընդունենք Գերմանիայի պատասխանատվությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քննարկման ժամանակ նշել է բանաձեւի նախաձեռնող, Կանաչների խմբակցության ղեկավար Ջեմ Օզդեմիրը՝ որի կրծքին ամրացված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշ անմոռուկը:

Ողջունելով դահլիճում գտնվող հայերի, ասորիների ներկայացուցիչներին, նա նշել է. «Մենք այսօր քվեարկում ենք մի փաստաթղթի շուրջ, որը պետք է նպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու երկու ժողովուրդների մերձեցմանը: Շնորհակալ ենք մեծ կոալիցիային, որ իր խոսքը պահեց: Իր հերթին է սպասում է նաեւ հերերոների  ցեղասպանությունը: Բալկանների մուսուլմանները, չերքեզները, որոնք նույնպես ցեղասպանության են ենթարկվել, նրանց պատմությունները սպասում են իրենց հերթին: Այսօր Իրաքում եւ Սիրիայում քրիստոնյաները նորից հալածվում են: Այն վայրերում, որտեղ հայերը հաստատվել են՝ փրկվելով Ցեղասպանությունից, օրինակ Հալեպում, նորից հալածվում են»,-ասել է Օզդեմիրը:

Նրա խոսքով, այսօր թուրքերի շրջանում հայը վիրավորական  բառ է: «Ինձ էլ են հայ ասում, ես չեմ վիրավորվում դրանից: Բունդեսթագի նախագահին եւ պատգամավորներին շնորհակալ եմ, որ չեն ընկրկել սպառնալիքների առջեւ»,-իր խոսքն է ամփոփել նա:

Նշենք, որ բանաձեւում հստակ օգտագործվում է ցեղասպանություն եզրը: «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին». այսպես է վերնագրված բանաձեւը:

Այս պահին, Բեռլինում Բունդեսթագի շենքի առջեւ, ընթանում է հայ համայնքի ակցիան, որի մասնակիցների ձեռքին կան Հայաստանի, ինչպես նաեւ Հունաստանի եւ մի շարք այլ երկրների դրոշներ: Ցուցարարները «ճշմարտության շղթա» են կազմել՝ հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման: