Լիբանանի միպալատանի խորհրդարանի պատգամավորներն այսօր չեն կարողացել հանրապետության նախագահ ընտրել: Naharnet լրատվական պորտալը հայտնել է, որ խոսնակ Նաբիհ Բերրին 40-րդ անգամ անընդմեջ տեղափոխել է ընտրությունները քվորումի բացակայության պատճառով: Պատգամավորների պալատի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 23-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Պլաս դ’Էտուալ պալատում քվեարկություն սկսելու համար բավարար քանակությամբ օրենսդիր չի հավաքվել: Երրորդ զանգից հետո անհրաժեշտ էր դահլիճում 128 պատգամավորից 86-ի ներկայությունը:
Պետական բարձրագույն պաշտոնն արդեն երկու տարի է` դատարկ է այն բանից հետո, երբ 2014-ի մայիսի 25-ին Միշել Սուլեյմանը լքել է Բաաբդայում նախագահական պալատը: Լիբանանի կրոնական կառուցվածքի համաձայն, հանրապետության նախագահն առաջադրվում է մարոնիթների համայնքից, որոնք մեծամասնություն են կազմում տեղի քրիստոնյաների շրջանում:
Խորհրդարանական խմբակցությունները մինչ այժմ չեն կարողանում պայմանավորվել փոխզիջումային անձի շուրջ, որը գոհացներ եւ մահմեդականներին, եւ քրիստոնյաներին: Փորձագետները ուշադրություն են հրավիրել դահլիճում քրիստոնեական «Մարադա» կուսակցության առաջնորդ Սուլեյման Ֆրանժյեի բացակայության վրա: Նրա թեկնածությունն առաջադրել է «Ալ Մուստակբալ» շարժման առաջնորդ, նախկին վարչապետ Սաադ Հարիրին, որը Լիբանանի սուննի համայնքի քաղաքական առաջնորդն է:
Շիա «Հզբոլլահի» թեկնածուն մնում է 80-ամյա Միշել Աունը` Ազատ հայրենասիրական շարժման առաջնորդը: Նա գլխավորում էր խորհրդարանում քրիստոնեական խոշորագույն բլոկը: Սակայն արեւմտամետ խմբակցությունները մերժում են Աունի թեկնածությունը «Հզբոլլահի» հետ նրա միության պատճառով, որի մարտիկները հարեւան Սիրիայում կռվում են կառավարական բանակի կողմից:
Երկրում քաղաքական վակուումը, որն առաջացել է նախագահի բացակայության հետեւանքով, կաթվածահար է արել ոչ միայն խորհրդարանի, այլեւ կոալիցիոն կառավարության աշխատանքը, որը ղեկավարում է սուննի հայտնի գործիչ Թամամ Սալամը:





























