Մենք դատարանում չենք, ոչ ոքի չենք դատում, առավել եւս մեր դաշնակից Թուրքիային, բայց որպես ժողովրդավարական խորհրդարան, ուզում ենք զոհերի առաջ խոնարհվել եւ տեղի ունեցան անվանել իր անունով՝ ցեղասպանություն: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քննարկման ժամանակ նշել է Սոցիալ դեմոկրատական SPD կուսակցության պատգամավոր Դիթմար Նիթանը:

Նրա խոսքով, Օսմանյան Կայսրությունում 1915-1916 թվականներին հարյուր հազարավոր անմեղ երեխաներ, կանայք եւ տղամարդիկ տներից վտարվեցին եւ մահվան երթով հասան անապատները: «Հայերի եւ մյուս քրիստոնյաների սիստեմատիկ բնաջնջումն այն ժամանակվա երիտթուրքական ռեժիմի կողմից պլանավորված էր եւ մեկ նպատակ ուներ՝ ոչնչացնել այդ խմբին: Այդ անսահմանելի երեւույթն ունի մեկ սահմանում՝ ցեղասպանություն: Ու հիմա մենք ուզում ենք մեր հարգանքը ցույց տալ այդ հանցագործության զոհերին: Տեղի է ունեցել ցեղասպանություն, այն մնում է ցեղասպանություն եւ կմնա ցեղասպանություն: Զոհերն ու նրանց սերունդները շատ երկար են սպասել: Մեզ կարելի է քննադատել, որ դա միայն հիմա ենք անում՝ 101 տարի հետո»,-ասել է Նիթանը:

Նա կոչով դիմեց թուրք, հայ, գերմանացի երիտասարդներին. «Մի հավատացեք նրան, ինչ գրված է ձեր գրքերում, մտածեք ինքնուրույն, ամեն բանի շուրջ կազմեք ձեր սեփական կարծիքը: Կարդացեք արձանագրված փաստաթղթերը: Ցեղասպանություն բառը չի կարող թուրք ժողովրդին վիրավորել, թուրք ժողովուրդը հզոր է դրան առերեսվելու համար»:

Նշենք, որ բանաձեւում հստակ օգտագործվում է ցեղասպանություն եզրը: «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին». այսպես է վերնագրված բանաձեւը:

Այս պահին, Բեռլինում Բունդեսթագի շենքի առջեւ, ընթանում է հայ համայնքի ակցիան, որի մասնակիցների ձեռքին կան Հայաստանի, ինչպես նաեւ Հունաստանի եւ մի շարք այլ երկրների դրոշներ: Ցուցարարները «ճշմարտության շղթա» են կազմել՝ հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման: