Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը նոր ուղի կբացի ցեղասպանությունների միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացում: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նշել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Բունդեսթագի կողմից րոպեներ առաջ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծի ընդունումը: Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը նոր ուղի կբացի ցեղասպանությունների միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացում:
«Համոզված եմ, որ 100 տարի առաջ տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունը ճանաչելու եւ դատապարտելու շնորհիվ հնարավոր է կանխել մարդկության դեմ նոր ցեղասպանությունների իրագործումը: Այս քայլով Գերմանիան վերահաստատեց իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին եւ մարդու իրավունքների պաշտպանությանը»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:
Բունդեսթագի փոխնախագահն իր հերթին նշել է, որ բանաձեւում իրերը կոչվել են իրենց անուններով: Էդելգարդ Բուլմահնը կարեւորել է պատմության հետ առերեսվելու եւ պատմության խորքից իրողությունների վերհանման եւ խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը:





























