Վանաձորում 2013թ. հոկտեմբերին 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանելու մեջ մեղադրվող Կարեն Կունգուրցեւը, որը ապրիլի 15-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացրել էր,  մեղադրվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում 2016 թվականի մարտի 18-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ, դատավորի, դատական նիստի քարտուղարի եւ բազմաթիվ այլ անձանց դատախազին  հայհոյելու եւ վիրավորելու մեջ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու դեպքի առթիվ հարուցված  քրեական գործի նախաքննությունը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Կունգուրցեւին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Կունգուրցեւը 2013թ. հոկտեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում կենցաղային հողի վրա վիճաբանել է եւ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակին` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս ընկերների` օգնության հասնելուց հետո Կարենը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է:

Կարենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար: