2016թ. մայիսի 30-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրեն Արամ Անանյանը, արտակարգ եւ լիազոր դեսպան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Կովկասում KFW գրասենյակի տնօրեն Լարս Օերմանը դրամաշնորհային համաձայնագիր են ստորագրել:
Ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 1-ին փուլի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 105.2 մլն եվրո, որից 85.2 մլն եվրո վարկը տրամադրել է KFW բանկը` 75 մլն եվրո սեփական միջոցներից եւ 10.2 մլն եվրո` Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից տրամադրված ֆինանսական միջոցներից: Միաժամանակ Ծրագրի 1-ին փուլը համաֆինանսավորվել է Եվրոպական ներդրումային բանկի կողմից 10 մլն եվրո արժողությամբ վարկային միջոցներով: Այժմ նախատեսվում է Եվրոպական միության հարեւանության ներդրումային գործիքի միջոցով տրամադրել 10 մլն եվրո դրամաշնորհային միջոցներ:
Ծրագրի շրջանակներում տրամադրվելիք ֆինանսական օժանդակության գումարը օգտագործվելու է բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի, Այրումում 500/400/220կվ հզորությամբ ենթակայանի կառուցման, էլեկտրահաղորդման գծերի շինարարության եւ միացման, Ծրագրի պատրաստման եւ իրականացման ընթացքում խորհրդատվական ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ Ծրագրի շրջանակներում ոլորտի եւ կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորման նպատակով:



























