ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը երկրի ներքին գործն է անվանել, հայտնում է LifeNews-ը:
Պեսկովը երկրի ներքին գործն է անվանել այն փաստը, որ Գերմանիան ճանաչել է 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսթագն, այսօր՝ հունիսի 2-ին, ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը: Դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր, եւս մեկը ձեռնպահ է մնացել (ֆոտոռեպորտաժ):
«101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին» անվանումով բանաձեւը ներկայացրել էր իշխող խորհրդարանական մեծամասնությունը՝ Անգելա Մերկելի ՔԴՄ/ ՔՍՄ ու Գերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցության կուսակցական դաշինքը, նաեւ Կանաչների կուսակցությունը:





























