Թուրքիայի անցյալում որեւէ ամոթալի դեպք տեղի չի ունեցել, որ Թուրքիան դրանից գլուխը կախի։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Բինալի Յլդըրըմը։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յլդըրըմը հաստատել է, որ Գերմանիայում Թուրքիայի դեսպանին կանչել են Անկարա։ «Գերմանիայի որոշումը սխալ որոշում էր։ Թուրք ազգը հպարտանում է իր անցյալով։ Թուրքիայի անցյալում որեւէ ամոթալի դեպք տեղի չի ունեցել, որ Թուրքիան դրանից գլուխը կախի։ Ավելի կոնկրետ քայլեր կանենք, երբ ընդունված տեքստին ծանոթանանք»,–ասել է Թուրքիայի վարչապետը։

Նշենք, որ հունիսի 2–ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որտեղ նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա  փոքրամասնությունների առջեւ: Բանաձեւում նաեւ նշվում է, որ Բունդեսթագը ցավում է, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանգնեցնելու մարդկության դեմ հանցանքը, որի համար Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը։