Հունվար-ապրիլին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալը տարեկան կտրվածքով ավելացել է 10.0%-ով: Բազմիցս է նշվել, որ սա եզակի երեւույթ է՝ մի շարք, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներում արդյունաբերության վիճակի ֆոնին: Բայց եթե ուսումնասիրենք այդ տնտեսական «հրաշքը», ապա որոշակի՝ ոչ այնքան հուսադրող մանրամասներ կբացահայտենք: Եվ այսպես, արդյունաբերության ո՞ր ճյուղերն են նպաստել այդ աճին:

Այդ հարցում ներդրում է ունեցել էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ Հայաստանի արդյունաբերական ամբողջ արտադրանքի ծավալի աճի տեմպերն արագացնելով 4.1%-ով: Այստեղ, ինչպես հարկ է ենթադրել, դեր է ունեցել երկրի սահմաններից դուրս այս էներգակրի արտահանումը:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում էլեկտրաէներգիայի ռեսուրսների հաշվեկշռում արտահանման-ներկրման մեջ դրական սալդոն մեկ տարվա ընթացքում աճել է 2.4 անգամ՝ հասնելով 257.3 մլն կՎտ/ժ-ի: Ընդ որում, տվյալ ժամանակահատվածում ներքին շուկայի ռեսուրսները կրճատվել են 3.7%-ով: Իհարկե, այս էներգակրի արտահանման աճը կարելի է միայն ողջունել, սակայն խոսքը միայն Իրանի հետ փոխանակման մասին է:

Մետաղների արդյունահանումն արդյունաբերության ֆիզիկական ծավալների համեմատական աճին նպաստել է նույնքան՝ 4.1%-ով: Բայց այդ աճը փաստացի ապահովվել է մեկ ապրանքով՝ պղնձի խտանյութով, որի արտադրության ծավալները հունվար-ապրիլին աճել են 30.1%-ով: Միաժամանակ, կրճատվել է ցինկի (54.1%), մոլիբդենի (13.3%) խտանյութի, ինչպես նաեւ ֆերոմոլիբդենի (15.8%) արտադրությունը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի պղնձի հանքաքարի եւ խտանյութի արտահանումը, նախորդող տարվա համեմատ, աճել է ավելի քան 1.3 անգամ: Հայտնի է, որ ապրանքային այս խումբն ավանդաբար Հայաստանի արտահանման առաջատարն է: Այսպես. անցյալ տարի պղնձի հանքաքարի եւ խտանյութի արտահանման ծավալը գրեթե 1.9 անգամ ավելին է եղել ծխախոտից, որն այս վարկանիշի երկրորդ հորիզոնականում է: Համաշխարհային գների անկումը հայրենական ոլորտը փոխհատուցում է արտահանման ֆիզիկական ծավալների աճով (անցյալ տարի, նախորդող տարվա համեմատմ գրեթե 1.7 անգամ):

Մետաղների արդյունահանման ոլորտը հայրենական արդյունաբերության «լոկոմոտիվ» են կոչում: Իսկ իրականում «լոկոմոտիվ» են միայն պղնձի հանքաքարն ու խտանյութը:

Սմբատ Գրիգորյան