Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ  Քոչարյանը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ կապված Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունմանը:

«Գերմանիայի Բունդեսթագի կողմից բանաձեւի ընդունումն ապացուցում է, որ Թուրքիայի ժխտողականությունը արագացնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը»,- գրել է Շավարշ Քոչարյանը:

Նշենք, որ «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության (Völkermord) հիշատակին» անվանումով բանաձեւը Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունվել է այսօր՝ հունիսի 2-ին: Փաստաթղթին դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր:

Բանաձեւում հստակ օգտագործվում է ցեղասպանություն եզրը: Բանաձեւում նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա  փոքրամասնությունների առջեւ: Նշվում է նաեւ, որ Բունդեսթագը ցավում է, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանգնեցնելու մարդկության դեմ հանցանքը, որի համար Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը։