Բոլոր պատմաբաններն ասում են, որ դա ցեղասպանություն է, դա անվիճելի է, ուստի Բունդեսթագում այս քվեարկությունը պատմական արդարության հաղթանակ էր: Այս մասին, հունիսի 2-ին՝ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն ընդունվելուց հետո, ասել է Ձախերի խմբակցության արտաքին քաղաքականության հարցերի խոսնակ Սեւիմ Դագդելենը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են պատգամավորի մամուլի ծառայությունից:
Նրա խոսքով՝ ցավոք Թուրքայի քաղաքականությունը կառուցված է Ցեղասպանության ժխտման վրա: «Թուրքիան շարունակում է հերքել Ցեղասպանությունը: Նա ցանկանում է, որ Գերմանիան էլ լռության մատնի դա: Այդ պատճառով ուրախ եմ, որ բանաձեւը կա, որ պատմական քվեարկությունը կայացավ: Սա պատմական արդարության հաղթանակ էր: Կարեւոր է պատմական իրականությունն անվանել այնպես, ինչպես այն եղել է՝ ցեղասպանություն»,- ասել է Դագդելենը:
Նրա խոսքով՝ ոչ միայն արեւմտյան պատմաբաններն են դա ցեղասպանություն անվանում, այլ նաեւ թուրք պատմաբանները, որոնց ճնշման տակ են: «Այդ պատճառով սա կուժեղացնի քաղաքացիական հասարակությունը եւ ճանապարհ կբացի դեպի հաշտեցում»,- ասել է նա:
Նշենք, որ «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության (Völkermord) հիշատակին» անվանումով բանաձեւը Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունվել է այսօր՝ հունիսի 2-ին: Փաստաթղթին դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր:
Բանաձեւում հստակ օգտագործվում է ցեղասպանություն եզրը: Բանաձեւում նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների առջեւ: Նշվում է նաեւ, որ Բունդեսթագը ցավում է, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանգնեցնելու մարդկության դեմ հանցանքը, որի համար Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը։





























