Եվրոպայի երեք մեծ երկրներից երկուսը արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ինչը, բնականաբար, կարելի է համարել հաջողություն, իսկ ճանաչելու մոտիվները կարելի է քննարկել, թե ինչու այս պահին։ Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

«Սա իրավիճակային որոշում է կապված էմիգրանտների, կապված Էրդողանի վարած քաղաքականության, ինչպես նաեւ նրա հետ, որ մեկ տարի հետո Գերմանիայում Բունդեսթագի ընտրություններ են։ Որքան էլ մեզ համար այս որոշումը ոգեւորիչ է, այնուամենայնիվ, դա դիվանագիտական քայլ է, եւ այստեղ Բունդեսթագը որոշում է կայացրել ոչ թե հանուն հայերի, այլ ավելի շատ ընդդեմ Թուրքիայի, ընդդեմ այն իրավիճակի, ինչն այսօր լուրջ մարտահրավեր է Գերմանիայի համար»,-ասաց Արամ Մանուկյանը։

Ըստ պատգամավորի՝ այս պահին համընկել է Ցեղասպանության ճանաչման շահը Գերմանիայի որոշ կուսակցությունների քաղաքական շահերի հետ։

«Դա նորմալ է։ Փորձելու են առաջիկա խորհրդարանում ավելի շատ ձայներ հավաքել, ինչը տրամաբանական է եւ քաղաքական խաղի կանոններին համապատասխան»,-ասաց Արամ Մանուկյանը նշելով, որ այս պահին Գերմանիայում ապրող մի քանի միլիոն թուրքերի դեմ որոշում կայացնելով՝ շահելու են մի քանի տասնյակ միլիոն գերմանացու քվեն։ 

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների անելիքներին, ընդդիմադիր պատգամավորը շեշտեց որ նրանց թիվ մեկ խնդիրը այս պահին Արցախի, հայ ժողովրդի անվտանգությանը սպառնացող խնդիրները լուծելն է։

«Հայաստանի իշխանությունների խնդիրն այսօր Ղարաբաղի, հայ ժողովրդի անվտանգությանը սպառնացող խնդիրները լուծելն է, դոմինանտը սա է։ Հայաստանի դիվանագիտության հաղթանակը չէր, բայց  հայերը շահել են դրանից, դա մեզ բավարար է, հայոց դատը առաջ է գնում։ Արդյունքը դրական է։ Աստված տա՝ վնասները ավելի քիչ լինեն»,-նշեց պատգամավորը։