Բունդեսթագում ընդունված բանաձեւից հետո Թուրքիայում Գերմանիայի դեմ խոսելու հերթ են կանգնել, որոնց շարքում իր ուրույն հայտարարությամբ է հանդես եկել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր, պատմաբան Բուրհան Քուզուն։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Բուրհան Քուզուն ասել է. «Գերմանացի գյավորը (Թուրքիայում վիրավորական կոնտեքստով անվանել են քրիստոնյաներին) կրկին արեց իր գործը։ Ես միշտ ասել եմ՝ Գերմանիան երբեք մեր անկեղծ բարեկամը չի եղել։ Օսմանյան կայսրությունն էլ նրանց պատճառով փլուզվեց»։
Հիշեցնենք, որ հունիսի 2–ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որտեղ նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների առջեւ: Բանաձեւում նաեւ նշվում է, որ Բունդեսթագը ցավում է, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանգնեցնելու մարդկության դեմ հանցանքը, որի համար Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը։





























