Հայաստանում կառավարական գործուղումների համար կգնեն միայն ամենաէժան տոմսերը: Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է հունիսի 2-ին Կառավարության նիստում:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը նշեց, որ տոմսերի ամրագրումն իրականացվելու է Amadeus միջազգային համակարգի միջոցով:

Նրա խոսքով՝ մի քանի ամիս առաջ ուսումնասիրությունները անարդյունավետ ծախսեր եւ այդ ոլորտում կոռուպցիոն ռիսկեր  էին ի հայտ բերել: Դա էլ առաջ է բերել այս կարճաժամկետ ծրագրի գործարկման անհրաժեշտությունը: Տոմսերին մի շարք պահանջներ կներկայացվեն, որոնց իրականացմանը կհետեւեն գերատեսչությունների աշխատակազմերի ղեկավարները: Համակարգը դրված կլինի էկոնոմ դասի ամենաէժան տոմսերի ընտրության վրա: Տոմսերը հնարավոր կլինի գնել 8 տոկոսից ոչ ավելի թանկ: Դրանք կկոչվեն «կանաչ» տոմսեր: Առանձին դեպքերում, երբ  «կանաչ» տոմսերով հնարավոր է միայն չվերթն իրականացնել տարանցիկ ճանապարհով եւ օդանավակայանում 6 ժամից երկար սպասել, թույլատրվում է գնել «կարմիր» տոմսեր, որոնց գինը 15 տոկոսից ավելի թանկ չպիտի լինի: Դրանք նույնպես պետք է լինեն էկոնոմ դասի տոմսեր: