Երկամսյա ժամկետում բնակարանն ազատելու՝ դատարանի որոշման դեմ Երեւանի Տերյան 23-ի բնակիչ Վարդան Գերավետյանը Վճռաբեկ բողոք է ներկայացրել: Այս մասին NEWS.am-ին ասաց նա:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի՝ երկամսյա ժամկետում բնակարանն ազատելու որոշումը:
Վարդան Գերավետյանը նշեց, որ ինքը նաեւ քաղաքացիական գործողություններ է իրականացնելու Local Development-ի տնօրեն Սամվել Մայրապետյանի դեմ:
Հիշեցնենք, որ Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի բնակիչներին իրենց բնակարաններից հարկադիր վտարվում են։ Բնակիչները ծանուցվել են, որ այլեւս իրավունք չունեն բնակարանները վաճառել, բացառությամբ «Լոկալ դեվելոփերս» ընկերության, որը տնօրինում է Սամվել Մայրապետյանը։ Վերջինը 2007-ից առ այսօր լինելով մայրաքաղաքի Տերյան 23, 25 շենքերի եւ Լալայանց 37 շենքի կառուցապատողը՝ դիմել է դատարան՝ բնակիչներին իրենց բնակարաններից հանելու համար:
Դատարանի որոշմամբ՝ բնակիչներից երկուսը պետք է երկամսյա ժամկետում լքեն իրենց բնակարանները: Իրենց բնակարաններից զրկվելու վտանգի առջեւ է կանգնած 22 ընտանիք:




























