«Զվարթնոց» օդանավակայանում մեկ ինքնաթիռի սպասարկման հաշվով ծախսերը շահեկանորեն տարբերվում են, քան Թբիլիսիի եւ Բաքվի օդանավակայաններինը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։
Որպես օրինակ նա տվյալներ է ներկայացրել։ Օրինակ, A320 ուղեւորատար, 130 ուղեւորով օդանավի սպասարկման դիմաց Թբիլիսիում, մեկ ուղեւորի հաշվով գինը կազմում է 51 դոլար, Բաքվում՝ 79 դոլար, Երեւանում` 45 դոլար, սակայն դրա մեջ չի մտնում ելքի տուրքը` 10 հազար դրամը, եւ եթե այդ տուրքը ներառվի, ապա օդանավակայանի թռիչքային ծախսը մեկ ուղեւորի հաշվով կկազմի 65 դոլար:
Ընդ որում, ըստ նախարարի, խոսքը ավիատոմսերին չի վերաբերում։ «Նման պնդում մենք չենք կարող կատարել, քանի որ ավիատոմսերի վաճառքով ու դրա մոնիթորինգով էկոնոմիկայի նախարարությունը չի զբաղվում, նման լիազորություն չունի, իսկ օդանավակայանի` որպես ենթակառուցվածքի կողմից մատուցվող ծառայությունների սակագների մասով, մենք կարող ենք ունենալ այդպիսի տեղեկատվություն»,- ասել է Մինասյանը:
Ըստ նրա՝ այդ տեղեկատվության հիման վրա է, որ ինքը տվյալներ է հրապարակել Երեւանի, Թբիլիսիի եւ Բաքվի միջազգային օդանավակայանների ծառայությունների սակագների վերաբերյալ:



























