Փոքր բիզնեսը 3 անգամ ավելի էժան կսպասարկեն հսկիչ-դրամարկղային մեքենաները: Այս մասին հունիսի 2-ին լրագրողներին ասաց Հայաստանի ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ հավելելով, որ խոսքը նոր սերնդի սարքերի մասին է:
Առայժմ դրանք օգտագործող տնտեսվարող սուբյեկտները սպասարկման համար ամսական 3.600 դրամ են վճարում: Հիմա նման ծառայություն կմատուցի նաեւ շահույթ չհետապնդող «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական կազմակերպությունը:
Քաղաքներում փոքր բիզնեսը (տարեկան 115 մլն դրամից պակաս շրջանառությամբ) կսպասարկվի 3 անգամ ավելի էժան՝ 1.200 դրամով, գյուղերում՝ 4 անգամ՝ 900 դրամ: Իսկ սահմանամերձ գյուղերում դրանց սպասարկումն անվճար կլինի:
Խոշոր սուբյեկտների համար (տարեկան 500 մլն դրամից ավելի շրջանառությամբ) վճարման չափը կպահպանվի՝ 3.600 դրամ, դրանց օգնությամբ փոքր սուբյեկտների համար սակագները սուբսիդավորելու համար:
Հիշեցնենք. գործող օրենսդրությամբ՝ նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաները (ինտերնետ կապով) պետք է հներին փոխարինեն մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ը:




























