Թուրքիայի խորհրդարանի 3 կուսակցություններ Գերմանիայի խորհրդարանի ընդունած բանաձեւը դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանական 4 կուսակցություններից 3-ը ստորագրել են Բունդեսթագում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչումը դատապարտող հայտարարության տակ։
Խորհրդարանանի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը հրաժարվել է ստորագրել հայտարարության տակ, որի համար թուրքական մամուլը կրկին նրանց դավաճանների կուսակցություն է հայտարարել։
Հիշեցնենք, որ հունիսի 2–ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որտեղ նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների առջեւ: Բանաձեւում նաեւ նշվում է, որ Բունդեսթագը ցավում է, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանգնեցնելու մարդկության դեմ հանցանքը, որի համար Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը։





























