Վայոց ձորի Գնդեվազ համայնքի բնակիչ Սասուն Հարոթյունյանը բողոքում է իր բացառիկ գերակա շահ ճանաչված գյուղատնտեսական նշանակության հողերի փոխարեն իրեն տրվող փոխհատուցումից. նրա 5000 քմ հողատարածքը ցանկանում են գնել քառակուսի մետրը 400 դրամով, որը  շուկայականից անհամեմատ ցածր է: NEWS.am-ի հետ զրույցում Սասուն Հարությունյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը մայիսի 19-ի նիստում Ամուլսարի ծրագրի իրականացման համար Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի ֆիզիկական անձանց պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.975 հեկտար հողերը բացառիկ գերակա շահ է ճանաչել եւ «Գեոթիմ» ՓԲԸ-ն, որը տարածքների ձեռքբերողն  է՝ գյուղացիներից հողատարածքները գնել է քառակուսի մետրը՝ 100, 200 եւ 400 դրամով: Սասունը  գուղում միակն բնակիչն է, որ չի վաճառել իր հողատարածքները եւ չի էլ պատրաստվում այդ գնով վաճառել:

«Գյուղացիներն հիմնականում վաճառել են իրենց հողերն 100, 200 դրամով, հիմա ինձ առաջակում են, որ իմ հողերն իրենց տամ քառակուսի մետը 400 դրմով, ասում եմ գոնե մի քիչ գինը բարձրացրեք, դա էլ չեն անում, ամենաշատը բարձրանում են մինչեւ 500 դրամ: Ես համաձայն չեմ այդ գնով իմ 5000 մետր հողատարածքը տալ իրենց, ես այդ հողերով ապրում եմ, ընտանիք եմ պահում: Ցորեն եմ ցանում, եկամուտ ստանում, դրանք որ վաճառեմ, ինչպես եմ ապրելու»,-ասաց գյուղացիներից Սասունը՝ նշելով, որ «Գեոթիմ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները սկզբում խոստացել են այդ հողատարածքի փոխարեն այլ հողատարածք տալ,բայց դրանից էլ է հրաժարվել եւ այժմ առաջարկում են միայն քառակուսի մետրը 400 դրմաով գնելու տարբերակը:

Նշենք, որ ներկայում 4 հողակտորներ, որոնք պատկանում են երեք սեփականատերերի, դեռեւս ձեռք բերված չեն ընկերության կողմից, հողի սեփականատերերի անհամաձայնության պատճառով: Հողատարածքների սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը սահմանվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից (մայիսի 19) ոչ ուշ, քան 2 ամիս: Սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը Վայոց ձորի մարզպետարանն է: