2015թ. նոյեմբերի 11-ին քաղաքացի Գոհարիկ Ս.-ն ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2013թ. մարտի 17-ին՝ ՀՀ Կոտայքի մարզի Ալափարս գյուղում, մոր կազմակերպմամբ ոստիկանության ծառայող Արթուր Բ.-ն ընկերոջ հետ իրեն բռնաբարել են:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կինը ստել է, իբր այնուհետեւ 2013թ. նոյեմբերի կեսերին Նոր Հաճըն քաղաքում նույն անձինք ավտոմեքենայի սրահում իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարել, որից հետո ոստիկանության ծառայող Արթուր Բ.-ն իրեն թմրանյութ է տվել՝ այն ամուսնու ավտոմեքենայում տեղադրելու համար՝ վերջինիս բռնելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով:
Գոհարիկ Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են վերջինիս հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:
Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ոստիկանության ծառայող Արթուր Բ.-ի կողմից սեռական անձեռնմխելիության եւ պետական ծառայության դեմ ուղղված հանցանքներ կատարելու, ինչպես նաեւ մոր՝ Զոյա Ս.-ի կողմից դրան հանցակցելու վերաբերյալ Գոհարիկ Ս.-ի հայտնած տեղեկությունները մտացածին են եւ իրականությանը չեն համապատասխանում: Մասնավորապես՝ պարզվել է, որ Գոհարիկ Ս.-ի ամուսինը՝ Արթուր Ա.-ն, կնոջը կասկածելով Արթուր Բ.-ի հետ սիրային կապ ունենալու մեջ, վերջինիցս վրեժխնդիր լինելու նպատակով, հոգեկան եւ ֆիզիկական հարկադրանք գործադրելով՝ Գոհարիկ Ս.-ին դրդել է սուտ մատնության:
Ամուսնուց վախենալով՝ վերջինս 2015թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ հայտնելով՝ կատարել է սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր հանցագործության մեջ մեղադրելով:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Արթուր Ա.-ի գործադրած հոգեկան եւ ֆիզիկական հարկադրանքի ազդեցության տակ Գոհարիկ Ս.-ն 2016թ. հունվարի 29-ին՝ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում, այնուհետեւ 2016թ. մարտի 16-ին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, դարձյալ իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ հայտնելով՝ սուտ մատնություն է կատարել, որը զուգորդվել է եղբորը եւ նույն Արթուր Բ.-ին ծանր հանցագործության մեջ մեղադրելով: Մասնավորապես՝ Գոհարիկ Ս.-ն հայտնել է, թե, իբր, 2013-2015թթ. ընթացքում իրեն ու եղբորը ներգրավելով հանցավոր գործունեության մեջ՝ Արթուր Բ.-ն իրենց թմրամիջոցներ է տվել, որոնք դրել են իրենց տան հյուրերի հագուստներում եւ ավտոմեքենայում, որից հետո Արթուր Բ.-ն վերջիններիս դրսում բռնել եւ պատասխանատվությունից ազատելու դիմաց նրանցից գումար է շորթել:
Այս կերպ՝ Գոհարիկ Ս.-ն ոստիկանության ծառայող Արթուր Բ.-ին անհիմն մեղադրել է ծանր հանցագործության կատարման մեջ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել ոստիկանության ծառայողի կողմից հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:
Միաժամանակ ակնհայտ սուտ մատնություն կատարելու եւ սուտ մատնությանը դրդելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 38-333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:




























