ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են տաքսու վարորդի նկատմամբ հունիսի 2-ին տեղի ունեցած ավազակային հարձակման հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ 2016թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Երեւանից Գյումրի մեկնելու պատրվակով նստել են Երեւան քաղաքի բնակիչ Է.Բարսեղյանի անձնական օգտագործման «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենան, որը շահագործվե է որպես տաքսի։ Հունիսի 2-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ գյուղի հատվածում, կուրսանտները, ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների, դանակներն օգտագործելով որպես զենք, հարձակվել են Է.Բարսեղյանի վրա, վերջինիս կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրանից հափշտակել ոսկյա մատանի, ոսկյա շղթա, կանխիկ գումար, որից հետո նրան թողնելով դեպքի վայրում՝ նշված ավտոմեքենայով հեռացել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կուրսանտները հայտնաբերվել են եւ ձերբակալվել։
Նախաքննությունը շարունակվում է։




























