2015թ.-ի արդյունքներով Յունիբանկը գրանցել է 358 մլն դրամի շահույթ եւ ամրապնդել շուկայական դիրքերը առանցքային ուղղություններով: Այս մասին նշվել է հունիսի 1-ին կայացած Յունիբանկի Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում:
Բանկից NEWS.am-ին հայտնում են, որ ապահովելով գործունեության որակապես նոր մակարդակ եւ ծավալների զգալի աճ, «Յունիբանկը» 2015թ.-ին որոշում կայացրեց ՓԲԸ-ից վերակազմավորվել բաց բաժնետիրական ընկերության՝ դառնալով առավելագույնս թափանցիկ եւ հանրային բանկ: IPO-ի արդյունքում բանկի բաժնետերերի թիվը կազմել է 186: Այդ կապակցությամբ բանկն առանձնակի ուշադրություն ենք դարձնում կորպորատիվ կառավարման արդյունավետության բարձրացմանը, հասարակության համար տեղեկատվության հասանելիության եւ գործունեության թափանցիկության ապահովմանը:
Երկրի ֆինանսական շուկայի համար «Յունիբանկի» IPO-ն դարձավ 2015 թվականի գլխավոր իրադարձություններից մեկը: Իրականացնելով արժեթղթերի առաջնային տեղաբաշխում եւ արդեն ընթացիկ տարում տեղաբաշխելով բաժնետոմսերի նոր թողարկումը, «Յունիբանկը» ցուցաբերեց առավելագույնս բաց լինելու պատրաստակամությունը:
«2015 թվականին Յունիբանկը որոշեց իրականացնել առաջին ժողովրդական IPO-ն Հայաստանում եւ մենք տեղաբաշխեցինք բաժնետոմսերը բորսայում: Տեղաբաշխումը հաջողությամբ իրականացվեց եւ կազմեց մոտ 5 մլն դոլար: Դա բանկի բաժնետոմսերի մոտ 10%, ինչը կարծում եմ իսկապես լավ արդյունք է: Ներկայումս մենք ունենք ավելի քան 180 բաժնետերեր, որոնք, համոզված եմ, գոհ կլինեն իրենց ներդրումների արդյունքներից: Միասին կաշխատեն այնքան արդյունավետ, որքան Յունիբանկը արդեն 15 տարի շարունակ», - նշեց «Յունիբանկի» Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը: Լինելով բաց բաժնետիրական ընկերություն եւ ունենալով մեծ թվով անհատ բաժնետերեր, բանկը մեծ ուշադրություն է հատկացնում մինորիտար բաժնետերերի իրավունքների եւ շահերի պաշտպանությանը, տեղեկատվության հասանելիության եւ գործունեության թափանցիկության ապահովմանը:
Գագիկ Զաքարյանի խոսքով, բանկը բաժնետերերին առաջարկում է հատուկ ծառայություններ եւս: Հատուկ բաժնետերերի համար անհատական սպասարկում իրականացնելու համար մի քանի մասնաճյուղերում բացվել է առանձին «պատուհան» անհատական սպասարկման համար: «Եվ մենք, եւ Յունիբանկի մենեջմենթը ջանքերը ներդնում ենք որպեսզի Յունիբանկը դառնա ավելի հաջող, ավելի զարգացած բանկ, որը հետաքրքիր եւ պահանջված կլինի եւ բաժնետերերի, եւ հաճախորդների կողմից», - նշեց Գագիկ Զաքարյանը:
Ներդրողների զգալի հետաքրքրությունը բանկի երկարաժամկետ ներդրումային գործիքների, այդ թվում` բաժնետոմսերի եւ պարտատոմսերի նկատմամբ փաստում է Յունիբանկի ռազմավարության արդյունավետությունը եւ հեռանկարային լինելը, ինչպես նաեւ խոսում է բանկի հանդեպ բնակչության վստահության մասին: Այս տարվա մայիսին Յունիբանկը հայտարարեց բաժնետոմսերի նոր թողարկման մասին, որը եւս իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: Առաջարկի արդյունքում բանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի մոտ 12.2 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 2.8 մլրդ դրամ: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 100 դրամ, տեղաբաշխման գինը` 230 դրամ: Բաժնետոմսերի նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, կազմում է 1 մլն դրամ:
«2015թ.-ի արդյունքներով Յունիբանկը գրանցեց 358 մլն դրամի շահույթ եւ ամրապնդեց շուկայական դիրքերը առանցքային ուղղություններով: Բանկի բաժնետոմսերի երրորդ թողարկումն արդեն ընթացքում է, եւս մեկը նախատեսել ենք այս տարվա հոկտեմբերին: Այդպիսով կհամալրենք Յունիբանկի կապիտալը մինչեւ 30 մլրդ ՀՀ դրամի», - ընդգծեց Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը:



























