Օրեր առաջ Facebook սոցիալական ցանցով տարածվեց մի լուսանկար, որտեղ պարզ երեւում էր, թե ինչպես են Երեւանի «Լունապարկ»-ի տարածքում ծառի տակի կանաչ մասը տախտակապատում: Դեպքի վերաբերյալ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ձեռնարկատիրոջ կողմից այգու կանաչ հատվածը տախտակամածի տակ առնելու նախաձեռնությունը ինչ իրավական ակտերով եւ (կամ) պայմանագրերով է թույլատրվել, ում կողմից, ինչու չի կանխվել: Քաղաքապետը պատասխան նամակով տեղեկացրել է, որ տախտակապատումն իրականացնող ընկերությունը նախագիծը համաձայնեցրել է Երեւանի քաղաքապետարանի հետ:

Այս առնչությամբ, Անահիտ Բախշյանը նամակով կրկին դիմել քաղաքապետին, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորեւ.

«02.06.2016թ. հ.01105-29525հ թվակիր Ձեր նամակում գրել եք, որ «Օղակաձեւ զբոսայգու» «Առագաստ» սրճարանի հարակից տարածքում խնդրո առարկա տարածքի հողածածկույթը փայտյա տախտակամածով փոխարինելու որոշումը փաստորեն տրվել է Ձեր թուլտվությամբ, որը հակասում է Երեւանի ավագանու 18.11.2009թ. հ 36-Ն որոշմանը, որտեղ հստակ գրված է, որ կանաչ տարածքներում քաղաքաշինական եւ ձեռնարկատիրական գործունեությունը պետք է համապատասխանի դրանց պահպանման պահանջներին, այլ ոչ՝ դրանց վերացնելուն:

Այս դեպքում ճիշտ հակառակն է տեղի ունեցել, ու դրա պատասխանատուն Դուք եք, որովհետեւ Դուք եք տվել թույլտվությունը: Չգիտեմ՝ ինչի հիման վրա եք սալարկված ու տոփանված գրունտի փոխարեն նախընտրելի համարում տախտակամածը, երբ թե՛ մեկը, թե՛ մյուսը հակասում է Երեւանի ավագանու որոշմանը: Այդ տարածքը պետք է կանաչ տարածքի վերածել այնպես, ինչպես պահանջում է ավագանու վերոնշյալ որոշումը՝ Երեւանի կանաչ տարածքների ամբողջ համակարգը ենթակա է պարտադիր պահպանման:

Ձեր նամակում տեղեկացրել եք, որ առաջին իսկ պահանջի դեպքում հնարավոր կլինի առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու՝ այն ապամոնտաժել:

Այս թեմայով իմ նամակների հիմքում ընկած է սոցցանցերում տարածված՝ երեւանցիների պահանջն ու տեղադրած նկարները: Ըստ Երեւանի ավագանու 30.04.2014թ. հ 154-Ն որոշման, որով սահմանված է Երեւան համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը, 1-ին հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ բնակիչների մասնակցության սկզբունքներն են՝ բնակիչների ակտիվությունը, օպերատիվությունը եւ արագ արձագանքումը:

Ուրեմն բնակիչների պահանջն առկա է, մնում է տախտակամածը ապամոնտաժել, որին բնակիչները պատրաստ են օպերատիվ արձագանքել ու ակտիվորեն մասնակցել»: