Հայ պաշտոնյաները հրաշալի գիտեն, որ Գերմանիայում բուժումն ավելի արդյունավետ է, քան Հայաստանում: Ամեն դեպքում, երբ խոսքն իրենց առողջության մասին է, մեր պաշտոնյաները միանշանակորեն որոշում են Եվրոպայում բուժվել, առանց հարցնելու որեւէ հանձնաժողովի թույլտվությունը: Սակայն երբ խոսքը վիրավոր զինվորների մասին է, չգիտես ինչու, հանդես է գալիս հանձնաժողովը, որը պնդում է, որ նրանց Հայաստանում էլ կբուժեն: Այդ մասին հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Երեւանի Ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:
Անահիտ Բախշյանը հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունը վերջերս որոշում է կայացրել, որի համաձայն, այն վիրավոր զինծառայողներին, որոնց չեն կարողանա օգնել տեղի բժիշկները, կբուժեն այլ երկրներում: Սակայն Արման Լազգիյանի եւ Ռուբեն Առաքելյանի դեպքում հատուկ հանձնաժողովը որոշել է, որ երկուսին էլ լիովին կարող են բուժել նաեւ Հայաստանում եւ նրանց արտասահման տեղափոխելու անհրաժեշտություն չկա: Միաժամանակ հանձնաժողովը, Բախշյանի խոսքով, հաշվի չի առել ոչ վիրավոր զինվորների, ոչ էլ նրանց ծնողների կարծիքը, որոնք հենց սկզբից պնդում էին, որ ուզում են Եվրոպայում բուժվել, որտեղ վերականգնումն ավելի զարգացած է, քան Հայաստանում:
«Հայաստանում եւ մասնավորապես` Էրեբունի բժշկական կենտրոնում բժիշկներն արել են այն ամենը, ինչ նրանց ուժերում էր, դա անվիճելի փաստ է: Բայց փաստ է նաեւ այն, որ դա բավարար չէր այդ տղաների ֆիզիկական հնարավորությունները վերականգնելու համար», - նշել է Ավագանու անդամը:
Վիրավոր զինծառայողների` իրենց իրավացիությանը վստահ ծնողները սկսել են ինքնուրույն ուղիներ փնտրել նրանց բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար եւ արդյունքում կարողացել են հասնել իրենց նպատակին նվիրատվությունների շնորհիվ: Անահիտ Բախշյանի խոսքով, պետբյուջեից ոչ մի կոպեկ չեն տվել Արմանի եւ Ռուբենի բուժման համար, սակայն որոշ պաշտոնյաներ, իրենց նրանց ծնողների տեղը դնելով, օգնել են հավաքել անհրաժեշտ գումարը: Մասնավորապես, Հովիկ Աբրահամյանը սեփական միջոցներից 20 000-ական եվրո է հատկացրել յուրաքանչյուրին:
Հիշեցնենք, որ Արման Լազգիյանն արդեն մի քանի օր է` Գերմանիայում է եւ, հարազատների խոսքով, իրեն անհամեմատ ավելի լավ է զգում: Ռուբեն Առաքելյանի բուժման գումարն արդեն փոխանցվել է մեկ այլ կլինիկայի եւ մոտ ապագայում նրան սպասում է տեղափոխում Գերմանիա:





























