Ղարաբաղյան հակամարտության սրումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը եւ հատկապես Հայաստանի բարեկամ պետությունները հասցեական եւ կոնկրետ գնահատականներ չեն հնչեցնի ադրբեջանական կողմի գործողությունների վերաբերյալ: Այս մասին, Մոսկվայում հունիսի 2-ին, Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին վերաբերող քննարկման ժամանակ նշել է ՀՀ Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
«Ստեղծված իրադրությունում հակամարտության արագ հանգուցալուծում հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանն առաջնորդվում է ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքով», - ասել է նա` եւս մեկ անգամ հիշեցնելով, որ հակառակ Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դիրքորոշումը կոնֆլիկտի կարգավորման հարցում բավականին հստակ է. «Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի կարող զիջման առարկա լինել»:
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը քննարկման ընթացքում խոսել է տարածաշրջանային խնդիրներից՝ շեշտը դնելով Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա:
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խոսել է Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքների մասին` բացառելով ուժի կիրառումը եւ որպես առաջնահերթություն դիտարկելով ռազմական համագործակցության եւ դաշնակցային հարաբերությունների մակարդակի բարելավումը:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն իր խոսքում մտահոգություն է հայտնել բավական երկար ժամանակ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի պահվածքի եւ քաղաքականության վերաբերյալ հստակ գնահատականների բացակայության եւ հնչած անհասցե հայտարարությունների առիթով:
ՀՀ ԱԺ ՀՀԿ խնբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը կոչ է արել միջազգային մորատորիում կիրառել զենքի վաճառքի վերաբերյալ:





























