ԱՄՆ Խաղաղության կորպուսի 36 նոր կամավորներ շուտով իրենց աշխատանքը կսկսեն Հայաստանի տարբեր գյուղերում: Կամավորների   հանդիսավոր երդման արարողությունը տեղի ունեցավ այսօր` հունիսի 3-ին,  Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (ֆոտոռեպորտաժ):

«Կամավորները շուտով կմեկնեն Հայաստանի տարբեր գյուղեր` այնտեղի դպրոցներում աշխատելու եւ համայնքի զարգացման ծրագրին մասնակցելու համար: Երբ կամավորները դիմում են, իրենց դիմումի մեջ նշում են իրենց մասնագիտական հմտությունների, կարողությունների մասին: Այդպես որոշում ենք, թե որ մարզ ուղեւորվեն ու ինչով զբաղվեն»,- լրագրողների հետ զրույցում նշեց Խաղաղության կորպուսի տնօրեն Չարլզ Էնսիսոն:

Կամավորները, որ Հայաստանում կմնան 2 տարի, այստեղ ժամանելուց առաջ հայերենի առցանց կուրսեր են անցել: Նրանք այստեղ նույնպես շարունակում են հայերեն սովորել` տարբեր դասընթացների մասնակցելով: Կամավորները Հայաստանում են արդեն երեք ամիս, ապրում են հյուրընկալող ընտանիքներում:

Նրանցից 24-ամյա Կելսի Րոուն, որ կամավորական աշխատանք կկատարի Մեղրիում, արդեն եղել է այն դպրոցում, որի աշակերտներին անգլերեն է դասավանդելու:

«Երկու օր մնացել եմ Մեղրիում: Ծանոթացել եմ իմ կոլեգայի հետ, որը շատ բարի կին է: Տեսել եմ իմ դպրոցը, որը շատ սիրուն է: Մի փոքր ծանոթացել եմ նաեւ աշակերտների հետ, որոնք ինձ շատ են դուր եկել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց կամավորը` նշելով, որ երբ համալսարանն ավարտելուց հետո իրեն առաջարկել են Հայաստան գալ, ինքը միանգամից համաձայնել է. «Ես շատ եմ սիրում նոր լեզուներ սովորել ու սովորեցնել անգլերեն: Գիտեի միայն, որ Հայաստանը փոքր երկիր է, մարդիկ բարի են: Բայց այստեղ ծանոթացա հայկական մշակույթին, ավելի լավ սովորեցի լեզուն, ավելի շատ սիրեցի»:

Նշենք, որ կամավորների երդմնակալության արարողությունը անցկացրեց ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսը: Ներկա էր նաեւ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Սա Խաղաղության կորպուսի կամավորների 24-րդ խումբն է: Կամավորները պատկանում են տարբեր էթնիկ եւ ռասսայական խմբերի, ունեն տարբեր կրոնական եւ սոցիալ-տնտեսական կարգավիճակ: Կամավորների տարիքը տարբեր է` 21-ից մինչեւ 76 տարեկան:

ԱՄՆ խաղաղության կորպուսը հիմնադրվել է 1961թ. ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի կողմից եւ այդ ժամանակից ի վեր ավելի քան 220 հազար կամավորներ են ծառայել 141 երկրներում: 1992թ. մինչեւ օրս Հայաստանում աշխատել են Խաղաղության կորպուսի ավելի քան 950 կամավորներ: