«Արարատբանկը» սկսել է արժեկտրոնների 11-րդ թողարկումը: Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը հունիսի 3-ին լրագրողներին հայտնել է, որ թողարկումը կկազմի 1 մլն դոլար՝ յուրաքանչյուր արժեկտրոնի համար 25-ական դոլար անվանական արժեքով, տարեկան 7 տոկոսի եկամտաբերությամբ, երեք տարի շրջաբառությամբ ու 3 ամիսը մեկ կտրոնային վճարումներով:
Արժեթղթերի համար գրանցումը կկատարվի հունիսի 6-17-ը: Արժեթղթերը տեղակայվելու են Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայում: Շուկայի մասնակիցները առք ու վաճառքից բացի նաեւ ռեպո գործարքներ կնքելու հնարավորություն կստանան: «Բորսայում լիսթինգից հետո մենք արժեթղթերը արդեն երկրորդական շուկայում կդնենք»,- ասել է Հարությունյանը: Նրա խոսքով, դոլարային արժեթղթերը հիմնականում ֆիզիկական անձինք են ձեռք բերում, մինչդեռ դրամայինը ավելի շատ ինստիտուցիոնալ ներդրողներին է հետաաքրքրում՝ ներդրումային ընկերություններին ու կենսաթոշակային հիմնադրամներին:
Նշենք, որ 2015-ին արժեթղթերի թողարկման ծավալը կազմել է 2 մլն դոլար՝ 7.25 տոկոսի միջին եկամտաբերությամբ: Արժեթղթերի հետ գործարքների ծավալը կազմել է 1 մլն դոլար ու 219 մլն դրամ:
Հիշեցնենք, որ «Արարատբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերն են «Ֆլեշ» ընկերությունը ( 64.24 տոկոս, նավթամթերքի ամենախոշոր ներմուծողներից մեկը), Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը ( 25 տոկոս) եւ Rural Impulse Fund II SA ընկերությունը (10 տոկոս, կառավարող ընկերությունն է Incofin Investment Management-ը, որը տեղակայված է Բելգիայում):



























