Գլխավորը հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն են եւ բոլոր զարգացումների դեպքում Ռուսաստանը լինելու է Հայաստանի կողքին: Այս մասին, Մոսկվայում հունիսի 2-ին, Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին վերաբերող քննարկման ժամանակ նշել է Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում:
Հանձնաժողովի մյուս համանախագահը՝ Հերմինե Նաղդալյանը, իր խոսքում եւս կարեւորել է Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունները, որոնց հիմքում ուժերի հավասարակշռության պահպանումն է տարածաշրջանում եւ Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը` որպես ռազմավարական դաշնակից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:
Տեղեկացնենք, որ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի աշխատանքները կշարունակվեն հունիսի 3-ին Կազանում:





























