Հայաստանի համայնքները խոշորացնելը վաղաժամ է: Այս մասին լրագրողներին հունիսի 3-ին ասել է ԲՀԿ կուսակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Նրա խոսքով, աշխատակազմերի պարտականությունների բաշխման հարցում խնդիրներ կան: Գյուղացիները պետք է գոնե իմանան, թե ուր դիմեն անհրաժեշտ փաստաթղթերի համար, եթե իրենց գյուղում այլեւս գյուղապետ չկա: «Բացի դրանից պետք է հաշվի առնել,որ խոշորացումը կարող է առաջացնել գյուղացիների մտահոգությունը՝ հավանաբար նրանք իրենց կախված կզգան մոտակա քաղաքից կամ հարեւան գյուղից, որտեղ կտեղափոխվի տեղի աշխատակազմը»,- հավելել է Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի կեսերին տեղական հանրաքվեների ժամանակ ընդունվել են համայնքների խոշորացման նախագծեր Լոռիի, Տավուշի ու Սյունիքի մարզերում (Թումանյան, Դիլիջան ու Տաթեւ համայնքներ): Այնտեղ մեկ համայնքի մեջ մի քանի գյուղ է միավորվել ( առաջին երկու դեպքերում քաղաքի՝ խորհրդային նախկին շրջկենտրոնի շուրջ): Այս փորձը Կառավարությունը ուզում է տարածել նաեւ 12 նոր համայնքների վրա, այդ թվում Ջերմուկ,Գորիս ու Մեղրի քաղաքների շուրջը: