Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորված Արման Լազգիյանը Հայաստանում ասես օրեցօր թուլանում էր, սակայն մեկնելով Գերմանիա բուժման՝ նա իրեն սկսեց ավելի լավ զգալ: Այս մասին հունիսի 3-ին լրագրողներին ասել է Երեւանի ավագանու խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը:
«Այստեղ նրա աչքերում կյանք չկար, Գերմանիայում նա ամբողջովին փոխվել է», - ասել է նա:
Նրա խոսքով՝ հայ բժիշկները Արմանին թույլ չէին տալիս ինքնուրույն սնվել վիրավորումից կերակրափողում առաջացած անցքի պատճառով: Սակայն գերմանացի մասնագետները հայտնաբերել են, որ այն գրեթե ամբողջովին փակվել է, հետեւաբար Արմանը կարող է ինքնուրույն սնվել: Միայն այդ փաստը, Բաշխյանի խոսքով, դրական է ազդել Արմանի ինքնազգացողության եւ տրամադրության վրա:
Տրախեոստոմիկ խողովակը հեռացնելուց հետո Արմանն արդեն կարողանում է ինքնուրույն շնչել, իսկ բժիկշկներն ու հարազատները կարող են լսել նրա ձայնը:
Հոր խոսքով՝ Արմանի տրամադրությունը մարտական է եւ դրական: Բժիշկներն աստիճանաբար լուծում են եղած խնդիրները եւ նրան պատրաստում են ռեաբիլիտացիայի:
Հիշեցնենք, որ Արման Լազգիյանը ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ժամանակ ողնաշարի վիրավորում էր ստացել՝ ողնուղեղի վնասվածքով եւ տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ:
Չնայած Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել, որի համաձայն՝ այն վիրավոր զինծառայողները, որոնց տեղի բժիշկները չեն կարողանում օգնել, բուժումը ստանալու են այլ երկրներում, առողջապահության նախարարը բազմիցս հայտարարել է, որ այդ որոշումը չի տարածվում Արմանի վրա, քանի որ նրա բուժումը հնարավոր է այստեղ կազմակերպել: Ամեն դեպքում, նրանց ծնողները որոշել են ինքնուրույն կազմակերպել որդիների բուժումն արտերկրում, եւ սկսել են միջոցներ հավաքագրել: Օգնել են նաեւ հասարակ քաղաքացիները, որոնք գումար են փոխանցել Արմանի անունով բացված հաշվեհամարին:





























