ՀԷՑ-ում կա դրամական հոսքերի պլյուս եւ էլեկտրաէներգիայի սակագնի 2 դրամով իջեցումը շատ քիչ է, սակագնի իջեցումը պետք է լինի գոնե 3-4 դրամ: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

«Էլեկտրաէներգիայի սակագնի իջեցումը մասամբ շաղկապված է գազի սակագնի իջեցման հետ: Շատ կարեւոր ռեզերվ է համարվում նաեւ էլեկտրաէներգետիկ համակարգում կորուստների իջեցումը՝ 1 տոկոս իջեցումը համարժեք է 2-3 մլրդ դրամի: Այսօր ՀԷՑ-ում դրամական հոսքերի պլյուս կա եւ եթե սրան էլ գումարենք այն, որ լուրջ աշխատանքներ են կատարվում հաշվիչները էլեկտրոնիզացնելու համար, որպեսզի հաշվիչների առեւտրային կորուստները իջեցնեն, կարծում եմ, որ 2 դրամ իջեցումը քիչ է, պետք է 3-4 դրամ իջեցվի»,-ասաց նա:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ անդրադառնալով գազի սակագնի 9.3 դրամով իջեցմանը, նշեց, որ այդ նվազումը շատ քիչ է:

«Պետք է գազի ինքնարժեքն իջեցնել, որպեսզի բնակչությունը սկսի ավելի շատ գազ օգտագործել, իսկ նրանց շահույթն էլ մեծանա, մյուս կողմից պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի գազի սակագինը դառնա այնքան, որքան Ռուսաստանում է՝ 130 դրամի սահմաններում լինի: Եթե մենք ԵՏՄ անդամ ենք  եւ այնտեղ ծառայությունների ու մարդկային ուժի տեղաշարժը պետք է ազատ լինի, այս դեպքում ապրանքների մրցունակության խնդիր կա, մեզ մոտ այնպիսի սակագներ պետք է լինեն, ինչպիսին Ռուսաստանում է»,-ասաց նա: