Ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված Էրիկ Բաբայանին անհրաժեշտ բուժումը Հայաստանում էլ կարող են կազմակերպել: Այդ մասին հունիսի  3-ին մամուլի ասուլիսին հայտնել է Երեւանի Ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:   

Ի տարբերություն Արման Լազգիյանի եւ Ռուբեն Առաքելյանի, Էրիկն այլ տեսակի բուժման կարիք ունի, որը, ինչպես նշել է Անահիտ Բախշյանը, Հայաստանում էլ իրականացվում է պատշաճ մակարդակով: Հենց հայ բժիշկներն են «Էրիկին հետ բերել այն աշխարհից», ինչպես ավելի վաղ ասում էր նրա մայրը: 

«Էրիկն այստեղ հուսալի ձեռքերում է», -նշել է Անահիտ Բախշյանը:

Հիշեցնենք, որ Էրիկը ներքին օրգանների հրազենային ծանր վնասվածքներ է ստացել: Նրա մի երիկամը հեռացրել են, ինչի հետեւանքով երիկամային սուր անբավարարություն է առաջացել, որն այժմ լիովին հաջող բուժում են:  Վերջերս Էրիկը եւս մի վիրահատություն է տարել. վիրավորվելու հետեւանքով նա թոքի ծանր վնասվածք ուներ, որը ժամանակի ընթացքում հանգեցրել էր ձախ թոքամիզի կպումների: Այդ խնդիրը լուծելու համար տորակտոմիա է արվել: 

Էրիկի վիճակը ներկայումս գնահատվում է որպես կայուն ծանր, սակայն բժիշկների խոսքով, առաջընթացն ակնհայտ է, եւ այսօր Էրիկն իրեն արդեն մի քիչ ավելի լավ է զգում, քան մեկ ամիս առաջ:  Շնչափողային խողովակի պատճառով Էրիկը դեռ չի կարողանում նորմալ խոսել, փոխարենը ինքնուրույն ուտում է: 

Վնասված է նաեւ Էրիկի ձախ ոտքի կոնքազդրային հոդը, եւ երբ նա վերականգնվի, էնդոպրոթեզավորում անհրաժեշտ կլինի, որը, Անահիտ Բախշյանի խոսքով, հայ մասնագետները ֆինն գործընկերների հետ շատ լավ կանեն: