Մադրիդում, այսօր՝ հունիսի 3-ին, Իսպանիայի Թագավորությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության դիմաց, Մադրիդի հայ համայնքի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել հավաք, որի ընթացքում հայերը շնորհակալություն են հայտնել Գերմանիային՝ նախօրեին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ ընդունելու համար:

Հավաքի մասնակիցները պարզել էին Հայաստանի եւ Գերմանիայի դրոշները, ինչպես նաեւ պաստառներ՝ «Շնորհակալությու՛ն Գերմանիա», «Հիշու՛մ ենք եւ պահանջու՛մ»,  «ճանաչում=կանխարգելում», «Իսպանիա, դարձի՛ր հաջորդը» գրություններով:

Հավաքի ընթացքում ներկաները նաեւ տեղեկատվական թերթիկներ բաժանեցին անցորդներին, ովքեր միաբերան նշում էին, որ առաջին անգամ են ականատես լինում որեւէ դեսպանության դիմաց ցույցի, որի նպատակը ոչ թե բողոքն է, այլ ՝ երախտիք հայտնելը, ինչը գովելի է:

Հավաքի ավարտին ներկաները շնորհակալական նամակ են փոխանցել Գերմանիայի դեսպանության ներկայացուցչին՝ ստորագրված Իսպանիայի հայ համայնքի եւ ԻԹ-ում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Հայր Շնորհք Սարգսյանի անունից: