ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ հունիսի 3-ին, ՊՆ ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչներին եւ պատասխանատուներին է ներկայացրել պաշտպանության նախարարի նորանշանակ տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանին:

ՊՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ շնորհավորելով Դավիթ Փախչանյանին նշանակման կապակցությամբ եւ մաղթելով հաջողություններ պաշտոնավարման ընթացքում` պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանքներ են տարվել հայրենական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման ուղղությամբ, եւ իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում ստեղծվել է ռազմական արդյունաբերության պետական կոմիտեն:

Դավիթ Փախչանյանն իր հերթին նշել է, որ պատվաբեր է պաշտպանական համակարգում պատասխանատու պաշտոն ստանձնելը եւ ընդգծել, որ համատեղ ջանքերի եւ նպատակաուղղված աշխատանքի համադրմամբ ռազմարդյունաբերական ոլորտում պետք է հասնել զգալի արդյունքների՝ տարիների ընթացքում ստեղծված հիմքի վրա զարգացնելով ոլորտը եւ լուծելով զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրները: