Քննության արդյունքներից հետո միայն պարզ կլինի՝ «Շտապօգնությունում» կշարունակի աշխատել հունիսի 2-ին Երեւանի Կիեւյան եւ Օրբելի փողոցների խաչմերուկում «Շտապօգնության» Ford մակնիշի ավտոմեքենայով ԱՄՆ քաղաքացիներ 73-ամյա Մանվել Մակարյանին եւ 71-ամյա Աիդա Մակարյանին վրաերթի ենթարկած վարորդը: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Մեզ մոտ վարորդները հերթափոխով են աշխատում, երեկ է նա եղել հերթափոխի, այսօր էլ դեռ աշխատանքի չի եկել: Պետք չէ շտապել, քննությունից հետո ամեն ինչ պարզ կլինի՝ ով է մեղավոր եղել, ինչ է տեղի ունեցել, կարեւորն այն է, որ մահվան ելքով վրաերթ չի եղել եւ վաղը տուժածները պատրաստվում են դուրսգրման»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում, Կիեւյան եւ Օրբելի փողոցների խաչմերուկում, հունիսի 2-ին, ժամը 21:50-ի սահմանում, «Շտապօգնության» Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու անձի:
Վրաերթի ենթարկվածներն են 73-ամյա Մանվել Մ.-ն եւ 71-ամյա Աիդա Մ.-ն: Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի պահին «Շտապօգնության» մեքենայում հիվանդ է եղել: Վրաերթի ենթարկվածներն ԱՄՆ քաղաքացիներ են:




























