Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը կարող է նպաստել, որպեսզի Թուրքիան նույնպես առերեսվի սեփական պատմությանը: Այս մասին հունիսի 3-ին Երեւանում կայացած մամուլիսում հայտարարեց Թուրքիայի Կանաչների եւ ձախերի կուսակցության հիմնադիր-անդամ Ուֆուք Ուրասը:

Նրա համոզմամբ, առաջիկա օրերին Թուրքիայում իրադարձություններ տեղի կունենան եւ քայլեր կձեռնարկվեն՝ կապված այդ բանաձեւի ընդունման հետ: Բունդեսթագի ընդունած բանաձեւին թուրքական լրատվամիջոցների արձագանքը, քուրդ գործչի խոսքով, բացասական էր:

«Բանաձեւում քննադատության է ենթարկվում իշխող ռեժիմը, այսինքն՝ պնդել, որ այդ որոշումն ուղղված է որեւէ ազգի դեմ, սխալ է: Մենք ուզում ենք, որպեսզի Թուրքիան լավ ապագա ունենա: Մենք հիմնվում ենք ոչ թե ատելության, այլ հարգանքի եւ սիրո վրա»,- նշեց Ուրասը:

Նա նաեւ հավելեց, որ ժամանակն է հասկանալ, որ Հայոց ցեղասպանությունը սովորական իրադարձություն չէ, ինչպես հայտարարեց Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: