Ադրբեջանի օգտին լրտեսելու գործով մեղադրյալ Սերգեյ Պապոյանն ընդունում է, որ Վարստանում հանդիպել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Սեյրան անունով ներկայացած անձի հետ եւ նրա հետ համագործակցության փաստաթուղթ ստորագրել:

Այս մասին ասվում է Սերգեյ Պապոյանի նախաքննության ժամանակ որպես մեղադրյալ տված ցուցմունքում, որն այսօր՝ հունիսի 3-ին, հրապարակվեց Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: 

Սերգեյ Պապոյանը, որը գործով մյուս մեղադրյալ Ռաֆիկ Պապոյանի որդին է, նախաքննական մարմնին պատմել է, որ 2012թ. սեպտեմբերին հայրը գնացել է Թուրքիայում աշխատելու, իր գործերից չի պատմել որդուն, ասել է, որ աշխատում է կոշիկի ֆաբրիկայում, վարձով տանն է ապրում: Հայրը 2013թ. մարտին զանգել ու հարցրել է՝ արդյոք չի ցանականում որպես պայմանագրային զինծառայող անցնել ծառայության: Հայրը ասել է, որ պետք է գնա Վրաստան, այդ հարցի շուրջ խոսելու համար հանդիպի Սեյրան անունով ոմն մեկին:

Սերգեյ Պապոյանը պատմել է, որ գնացել է Թուրքիա, հանդիպել Սեյրանին, ընթրել նրա հետ:

«Անձնագիրս վերցրեց, ինչ-որ բաներ լրացրեց, միաժամանակ հարցրեց, թե ինչ զենքի եմ տիրապետում, եղել եմ դիրքերում, թե ոչ, քանի որ որպես հետախույզ էի ծառայել Մարտունիում: Զորամասի համարը չի հարցրել, ապա 700 դոլար է տվել՝ ասելով, որ դա իր կողմից նվեր է, հետո եւս 50 դոլար է տվել, ասել՝ երեխայիդ նվեր կառնես: Նա ասաց, որ Մատաղիսում պայմանագրային ծառայության անցնեմ եւ իրենց տեղեկություններ հայտնեմ այդ զորամասից, գումարն էլ դրա համար է տվել: Երբ ասաց, որ «Սկայպի» կամ «Օդնոկլասնիկի» կայքի  միջոցով պիտի հայտնեմ իրեն տվյալներ, հանկարծ իրեն հեռախոսով չզանգեմ, հասկացա, որ թուրքերի հետ է աշխատում»,- ցուցմունքում ասել է նա՝ նշելով, որ պայմանավորվել են, որ հենց ծառայության անցնի, սկսի տեղեկություններ հաղորդել:

Սերգեյ Պապոյանը ասել է նաեւ, թե դրանից հետո ցանկացել է փախչել, գնացել է ՌԴ՝ աշխատելու, սակայն հայրն իրեն ասել է, որ Սեյրանը պահանջում է գնալ Ստամբուլ, սպառնում է, որ  հակառակ դեպքում կվնասի ամբողջ ընտանիքին, սակայն ինքը համառել է: Նա անջատել է հեռախոսները, տանեցիներին էլ զգուշացրել, որ հորն ասեն, թե հեռախոս չունի: 

2014թ. Սերգեյ Պապոյանը հետ է եկել Հայաստան: Մեկ տարի անց Հայաստանում է եղել նաեւ իր հայրը: Հոր եւ իր համար «Օդնոկլասնիկի» կայքում էջեր է բացել, որտեղ ինչ-որ անծանոթ էջից իրենց նամակներ է գրել մեկը, ներկայացել որպես Սեյրան ու ասել, որ խոսելու բան կա: Նրա խոսքով՝ ոչ ինքը, ոչ հայրը չեն պատասխանել այդ նամակներին, չեն հասկացել, որ նույն Սեյրանն է, որոշել են չպատասխանել:

Այսպիսով, Սերգեյ Պապոյանը պնդել է, որ դրանից հետո կապի մեջ չի եղել Սեյրան անունով մարդու հետ, նրան ոչ մի տվյալ չի փոխանցել:

Նշենք, որ Սերգեյ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Թուրքիայում բնակվող հոր` Ռաֆիկ Պապոյանի ուղղորդմամբ, Վրաստանի Թբիլիսի քաղաքում հանդիպել է Ադրբեջանի հետախուզականմ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Սեյրան անունով ներկայացած անձի հետ և հավաքագրվել վերջինիս կողմից` տրամադրելով տեղեկություն ԼՂՀ Մարտունու շրջանում որպես հետախույզ ժամկետային զինծառայության ընթացքում տիրապետած տեղեկությունների վերաբերյալ: Վճարելով 750 ԱՄՆ դոլլար գումար` վերոհիշյալ Սեյրանը տվել է առաջադրանք` ընդունվել պայմանագրային ծառայության Մատաղիսի զորամասերից մեկում և տեղեկություններ հայտնել այդ զորամասի մասին համացանցի «Սկայպ» ծրագրի կամ «Օդնոկլասնիկի»սոցիալական ցանցի միջոցով:

Ռաֆիկ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Թուրքիայում, հավաքագրվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած, Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Սեյրան ավունով ներկայացած անձի կողմից և կատարել այդ հետախուզական ծառայության առաջադրանքները` Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիների միջից ընտրել Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքննություն ներկայացնող անձանց ու հավաքագրման նպատակով ծանոթացնել նրա հետ:

Գործով մյուս մեղադրյալներն են Կարինե Ղումաշյանը եւ Դիանա Գորոյանը: