Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչները բացել են գյուղ տանող ճանապարհը, որն առավոտվանից փակ էր։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղի բնակիչներից մեկը։
Նշենք, որ մարզպետը, գյուղապետը բնակիչներին խոստացել էին դադարեցնել Գեղարդալճի շինաշխատանքները եւ հունիսի 6-ին Գողթ գյուղում կազմակերպել հանդիպում պատկան մարմինների ներկայացուցիչների հետ: Գյուղացիները համաձայնել էին բացել միայն այն բանից հետո, որ շինաշխատանքները դադարեցնեն եւ տեխնիկան դուրս բերեն։
Ինչպես փոխանցեց գյուղացիներից մեկը՝ այս պահին ցուցարարների մի մասը գնացել են նշված վայր՝ համոզվելու, որ աշխատանքներն իսկապես դադարեցված են։ Նրանք պատրաստվում են երեքշաբթի Գողթ գյուղում խոստացված հանրային քննարկման ժամանակ ներկայացնել իրենց պահանջը՝ այն է չեղյալ հայտարարել Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագիրը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչներն այսօր՝ հունիսի 3-ին, փակել են Երեւան-Գողթ ճանապարհը` պահանջելով չեղարկել Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագիրը, որով նախատեսվում է Գեղարդալճից ոռոգման համար ջուրը տեղափոխել այլ գյուղեր: Հիշեցնենք, որ այսօր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը գրություն էր ուղարկել գողթեցիներին եւ նրանց վստահեցրել, որ Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագրով չի նվազի Գողթ համայնքի հողատարածքների համար անհրաժեշտ ջուրը: Գյուղացիները պնդում են՝ Գեղարդալճի տարողությունն ընդամենը 2.4 միլիոն խորանարդ մետր է եւ եթե այնտեղից այլ գյուղեր ջուր տեղափոխեն, գյուղացիների հողատարածքների ոռոգման համար ջուր չի մնա:
Նշենք, որ գյուղացիների հետ վերջին հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր շինտեխնիկան դուրս բերել Գառնիի կիրճից։ Իսկ անդրադառնալով Գեղարդալճի ինքնահոս համակարգի ստեղծման ծրագրին՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը գյուղացիներին հավաստիացրել էր, որ քննարկումներ կկազմակերպեն, որին նաեւ գողթեցիները կմասնակցեն։ Գողթեցիները պահանջել էին մինչեւ քննարկումների ավարտը դադարեցնել շինարարական աշխատանքները։ Այսօր գյուղացիները փաստում են, որ շինաշխատանքները դադարեցնելու փոխարեն, բանվորները սկսել են նաեւ գիշերներն ինտենսիվ աշխատել։



























