Սփյուռքը բավականին մեծ ներուժ ունի, եւ մենք ակնկալում ենք սփյուռքյան ներդրումների աճ՝ պատրաստ լինելով հնարավորինս բարենպաստ պայմաններ ստեղծել դրանց արդյունավետության համար: Այս մասին, հունիսի 2-ին, Ժնեւում շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը:
ԼՂՀ կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ vվարչապետը նրանց ներկայացրել է ընթացիկ տնտեսական եւ ռազմաքաղաքական իրադրությունն Արցախում եւ պատասխանել ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի:
Շվեյցարիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը բացման իր խոսքում ողջունել է Ա. Հարությունյանի այցը՝ կարեւորելով Արցախի նշանակությունը ողջ հայության համար: Նա շեշտադրել է այն հանգամանքը, որ համայնքի հայությունը հնարավորություն ունի անձամբ վարչապետից լսելու Արցախի ձեռքբերումների, խնդիրների ու զարգացման հեռանկարների մասին:
Վարչապետը հակիրճ ներկայացրել է Արցախի պետականաշինության եւ տնտեսության զարգացման ընթացքը՝ դրանում բարձր գնահատելով սփյուռքի դերակատարությունը: Անդրադառնալով ընթացիկ իրավիճակում հայության անելիքներին՝ Ա. Հարությունյանը, մասնավորապես, ասել է. «Այսօր այնպիսի պատմական ժամանակաշրջանում ենք ապրում, որ մեզ վրա առաքելություն ենք կրում երաշխավորելու հայրենիքի լուսավոր ապագան: Այդ ճանապարհին կարեւորագույն հարց է կայուն ու երկարաժամկետ անվտանգության ապահովումը, որն անհնար է իրագործել առանց տնտեսական ու ժողովրդագրական զարգացման: Ուստի, կոչ եմ անում ողջ հայությանը գործուն մասնակցություն ցուցաբերել Արցախի տնտեսական զարգացման գործում՝ դրանով ապահովելով հայրենիքի անվտանգ ու բարեկեցիկ առաջխաղացումը: Այդ տեսանկյունից, սփյուռքը բավականին մեծ ներուժ ունի, եւ մենք ակնկալում ենք սփյուռքյան ներդրումների աճ՝ պատրաստ լինելով հնարավորինս բարենպաստ պայմաններ ստեղծել դրանց արդյունավետության համար»:
Ա. Հարությունյանը հանդիպման վերջում անմիջական մթնոլորտում պատասխանել է ներկաների բազմապիսի հարցերին՝ հորդորելով ավելի ակտիվորեն ընդգրկվել հայրենիքի շենացման գործում:





























