Հալեպի հայկական թաղամասերը վերջին երկու օրերին ակտիվորեն ռմբակոծվում են, որը կապված է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը:

«Հալեպում  հայկական թաղամասերի վրա ակտիվացել են ռմբակոծությունները, քաղաքը շատ լարված է,  երկու օր առաջ տեղի ունեցավ  ուժեղ ռմբակոծություն հայկական թաղամասերի վրա,  որը, կարծում ենք, որ արդյունք է Բունդեսթագի ընդունած բանաձեւի: 4 հայ զոհվեց, որը մեզ համար մեծ կորուստ էր,  տասնյակ վիրավորներ ունենք նաեւ, բացի այդ 7-8 շենք ամբողջությամբ քանդվել է: Այս բոլորը թուրքերի կողմից կատարված հարձակումներ են, այնտեղ, որտեղ թուրք զինյալներն են մնում, Հալեպի Նոր գյուղ թաղամասին շատ մոտ է:  Նրանք այդ քայլով փորձեցին մեկ անգամ եւս վնասել հայ ժողովրդին»,-ասաց նա:

Հարություն Սելիմյանը նշեց նաեւ, որ լուրջ վնասներ է կրել  հայ կաթողիկե համայնքին պատկանող Սուրբ Երրորդությունը, որը նաեւ անվանում են «Զվարթնոց»  եկեղեցի: Եկեղեցուն կից վարժարանի դասարանները, միանձնուհիների սենյակները լուրջ վնասներ են կրել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 2-ին Հալեպի հայկական թաղամասում տեղի ունեցած ռմբակոծության հետեւանքով զոհվել է 4 հայ՝ 1942 թվականին ծնված Վազգեն Ճապաղջուրյանը, 1949 թվականին ծնված Խաչիկ Աբուլապությանը, 1967 թվականին ծնված Հովսեփ Ջանեցյանը եւ 1954 թվականին ծնված Լևոն Քելխաչերյանը: