Սիրիայում արդեն 5 տարի շարունակվող պատերազմի հետեւանքով սիրիահայերի կենցաղային պայմանները ծայրահեղ վատ են: NEWS.am-ի հետ զրույցում Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը:

Նրա խոսքով, կենցաղային այդ վատ պայմանների գլխավոր պատճառը գազի ու լույսի բացակայությունն է: «Հալեպում ավելի քան 8000 հայ է ապրում, եւ ջրի եւ հոսանքի բացակայությունը շատ ծայրահեղ կենցաղային պայմաններ է ստեղծում հայերի համար: Երկու օր առաջ մի քանի ժամով տվեցին ջուր,  բայց նորից կտրեցին: Էլեկտրականություն բացարձակ չկա, բացի այդ սննդամթերքը շատ թանկ է, ապրանքների գինն ահավոր հեռու է իրական գներից եւ հայերը մի կերպ են կարողանում գոյատեւել»,-ասաց նա:

Հարություն Սելիմյանը նշեց, որ այս պայմաններում սիրիահայերին օգնում է հայ եկեղեցին. «Եկեղեցին է փորձում ինչ-որ ձեւով օգնել՝ նյութապես եւ այլն, բացի այդ, «Սիրիահայ Շտապօգնության» մարմինը երկու ամիսը մեկ նյութական օգնություն է տրամադրում»: