Ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված Ռուբեն Առաքելյանը մի քանի ժամով վերադարձել է Ջրվեժ գյուղում գտնվող հայրենի տուն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին պատմել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի պետ Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով, Ռուբենն ինքն է ցանկություն հայտնել տուն գնալու, որովհետեւ կարոտել էր տանը եւ ուզում էր «ընկղմվել տնային միջավայրի մեջ»: «Էրեբունի» ԲԿ-ի անձնակազմը օգնել է կազմակերպել տուն տեղափոխումը եւ հետդարձը շտապօգնության մեքենայով: Կլինիկան դա կազմակերպել է իր հաշվին, ինչպես նաեւ` մի շարք այլ ծառայություններ, որոնք չի ծածկում պետպատվերի գումարը, որը հատկացվել է վիրավոր զինծառայողների բուժման համար:
«Մեզ մոտ բուժված եւ բուժվող զինծառայողները «ֆինանսական հարցեր» չունեն եւ չեն կարող ունենալ», - նշել է Մուրադյանը:
Ռուբենի ազգականը NEWS.am-ի թղթակցին պատմել է, որ Ռուբենը հաշմանդամի սայլակով պտտվել է տանը, եղել է այգում, ինչից հետո վերադարձել է հիվանդանոց:
Հիշեցնենք, որ ողնաշարի հատվածում ծանր վնասվածք ստացած 19-ամյա Ռուբեն Առաքելյանը մոտ ապագայում բուժման համար Գերմանիա կտեղափոխվի: Նրա բուժման համար կվճարեն Պաշտպանության նախարարության արտաբյուջետային միջոցներից. այդ միջոցներից Բոննի համալսարանին կից գերմանական կլինիկային է փոխանցվել 43 000 եվրո: Մոտ ժամանակներս հայտնի կդառնա նրա մեկնման ամսաթիվը:
Ռուբենի մայրը` Անահիտ Մկրտչյանը, նշել է, որ Ռուբենը Գերմանիայի հետ հսկայական հույսեր է կապում եւ անհամբերությամբ սպասում է այն օրվան, երբ այնտեղ կսկսի բուժումը:





























