Գերմանիան այն պետությունը չէր, որ ուներ ընդգծված հայանպաստ դիրքորոշում, եւ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւի ընդունումը անակնկալ էր մեզ համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Սահմանադրական դատարանի միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով, որ այս բանաձեւի ընդունմամբ Եվրոպայում էապես ընդլայնվում է Ցեղասպանության ճանաչման աշխարհագրությունը, ինչը լուրջ գործոն է, սակայն դա չի նշանակում, որ պետք է հայ ժողովուրդն էյֆորիայի մեջ ընկնի:

«Իրավական տեսանկյունից  չափազանց կարեւոր է այն, որ գերմանական խորհրդարանը այն  որակեց Ցեղասպանություն: Չափազանց կարեւոր է նաեւ  փաստի ճանաչումը եւ  որակումը»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով, սակայն, որ ճանաչումը իրավական հետեւանք Թուրքիայի վրա՝ չի ունենա:

Հիշեցնենք, որ հունիսի 2–ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որտեղ նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա  փոքրամասնությունների առջեւ: Բանաձեւում նաեւ նշվում է, որ Բունդեսթագը ցավում է, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանգնեցնելու մարդկության դեմ հանցանքը, որի համար Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը։