Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ընդհանրապես իրավունք չունի պատմությունից խոսելու եւ որեւէ գնահատական տալու Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած բանաձեւին: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագի կողմից հայոց ցեղասպանության բանաձեւի վերաբերյալ Ալիեւի մեկնաբանություններին:

«Ադրբեջանի պատմությունն ինքնին խեղաթյուրված է, Ադրբեջանը որպես երեւույթ պատմական ամենամեծ խեղաթյուրումն է եւ  այն ինչ-որ ասել է  Ալիեւը՝ հետեւանք է այն կեղծ, այլասերված ու խեղաթյուրված դասագրքերի, որոնք տարիներ շարունակ Ադրբեջանում գրել են զեղծարարաները: Ալիեւը հենց այդ կեղծ դասագրքերի վրա էլ մեծացել է եւ այսօր այդպիսի հայտարարություններ է անում»,-ասաց նա՝ հավելելով, որ զավեշտալի է, որ բռնապետ Ալիեւը  ժողովրդավարության դասեր է տալիս Գերմանիային:

Արտակ Զաքարյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ  Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ Բաքվում կայացած հանդիման ժամանակ արած այն հայտարարույթունը, թե  հայկական հարցը մեծ երկրների ձեռքում վերածվել է գործիքի, Ալիեւի երեւակայության արդյունքն է. «Եթե մի պետության համար  համամարդկային արժեքները, մարդու իրավունքները եւ  պատմական հիշողությունը արդարության վերականգման համար  ոչինչ են եւ ընդամենը գործիք, ապա դա խոսում է  կեղծ երեւույթի մասին, որը կոչվում է Ադրբեջան»:

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի այն հայտարարությանը, թե «Ադրբեջանի ընկերը մեր ընկերն է, Ադրբեջանի թշնամին մեր թշնամին է», Զաքարյանը նշեց՝ «Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից միմյանց սիրաշահող հայտարարությունները  դժվար է չափել, թե իրականության մեջ ինչ արժեք ունեն: Ես այդքան էլ չեմ հավատում այդ հայտարարություններին եւ կարծում եմ, որ դրանք կեղծ են»:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունիսի 3-ին  Բաքվում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ համատեղ մամուլի ասուլիսում դատապարտել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը՝ նշելով, որ Գերմանիայի կողմից դա  անարդար քայլ է եղել, երկակի ստանդարտների ցուցաբերում, պատմության խեղաթյուրում ու սադրանք: