Հունվար- փետրվար ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրի ոլորտում հազվագյուտ պատկեր է ստեղծվել: Արտահանման ծավալը տարեկան կտրվածքով աճել է երկնիշ թվով (22.2 տոկոսով), իսկ ներկրումը կրճատվել է (5.5 տոկոսով): Դրա արդյունքում ներկրման ու արտահանման միջեւ հարաբերակցությունը կրճատվել է 2.3 անգամից դառնալով 1.8 անգամ:

Արտաքին առեւտրի շրջանառության մեջ բացասական սալդոն կրճատվել է 127.5 մլն դոլարով՝ հասնելով 428.7 մլն դոլարի:

Արտաքին առեւտրի ոլորտում մեր երկրում միշտ նպատակ է եղել կրճատել ներկրումը ու ավելացնել արտահանումը, նաեւ դիվերսիֆիկացնել այն: Ի դեպ, նշված դիվերսիֆիկացումն այդպես էլ չի կատարվել: Արտահանումը, առաջվա պես, մեծամասամբ կախում ունի հատուկենտ ապրանքներից՝ պղնձի հանքաքարեր ու խտանյութ, կոնյակ, որոնց վերջին տարիներին գումարվել է նաեւ ծխախոտը: Եվ այսպես, մաքսատան տվյալներով, անցած տարի մեր արտահանման ծավալի 40 տոկոսն ապահովել են հենց այդ երեք ապրանքախմբերը, որոնք վարկանիշում զբաղեցնում են առաջին երեք հորիզոնականը:

Իսկ ո՞ր ապրանքներն են ապահովել երկնիշ աճ այս տարվա հունվար- փետրվար ամիսներին: Այդ ժամանահատվածի համար առկա պաշտոնական տեղեկությունները ներկայացվում են միայն ապրանքների մակրոխմբերի մասին տվյալներով: Այստեղ, արտահանման աճի տեսակետից մեծ ավանդ է ունեցել «թանակարժեք ու կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների, դրանցից պատրաստված արտադրատեսակների» խումբը, որն ապահովել է դրա 9.9 տոկոսի հարաբերական աճ:

Նշենք, որ այս խմբում արտահանման տեսակետից առաջատար են համարվում ոսկին ու ալմաստը ( որոնք Հայաստանում վերամշակվում են թոփլինգի շրջանակում): Անցած տարի ոսկու արտահանումը ավելացել է 18 տոկոսով, իսկ ահա հղկված ալմաստի արտահանումը նվազել է 43 տոկոսով:

Մեկ այլ խումբ, որը կարճ կոչվում է «պատրաստի սննդամթերք» հարաբերականորեն արագացրել է արտահանման ծավալի աճի տեմպերը՝ 7.9 տոկոսով: Այս խմբում սննդամթերքից բացի կան նաեւ ոգելից խմիչքներ ու ծխախոտ: Այսինքն գործնականում այս խումբը ներառում է վերոնշյալ կոնյակն ու ծխախոտը:

Հոնվար – փետրվար ամիսներին ծխախոտի արտադրությունն աճել է 1.5 անգամ, ինչը ուղղակիորեն կարելի է կապակցել դրանց արտահանման աճի հետ: Նման եզրակացություն կարելի է անել նաեւ կոնյակի աճից (նույնպես 1.5 անգամ), որի ճնշող մեծամասնոթւթյունը ավանդաբար արտահանվում է: Հիշեցնենք, որ վերջին երկու տարիներին հայկական կոնյակի իրացումը Ռուսաստանում դանդաղել էր, ինչը բացասաբար է անդրադարձել դրա արտադրության վրա:

Հավելենք, որ բուսական ծագման արտադրատեսակները ապահովել են արտահանման ընդհանուր ծավալի հարաբերական աճի 2.1 տոկոսը: Այստեղ  դեր է կատարել նաեւ մեր ջերմոցների արտադրանքի արտահանումը Ռուսաստան:

Սմբատ Գրիգորյան