Վանաձորցի 15-ամյա Արենը երկու տարի է, դպրոց չի գնում: Հանգամանքների բերումով վերջինս ստիպված է եղել ուսումը թողել 6-րդ դասարանից: Մոր ու եղբոր հետ ամառային արձակուրդներին քեռու մոտ՝ Ռուսասատան մեկնած 12-ամյա Արենը 2013-ին չէր էլ մտածում ուսումը թողնելու մասին: Հանգստի ընթացքում մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է, տեղի բժիշկներն ախտորոշել են քաղցկեղ ու վիրահատելուց հետո 6 ամիս արգելել փոխել երկիրը:
«Ասեցին՝ էս վիճակով երկիր չի կարող փոխել, 6 ամիս սպասեք, Նոր տարին անցնի, հետո կգաք էլի օպերացիա անենք: Էդ ընթացքում մի 200.000 ռուբլու պարտք կուտակվեց»,- հիշում է Արենը:
Գերեզմանաքարերի արտադրամասում աշխատող քեռու աշխատավայր Արենը մեկ-մեկ գնում էր ուղղակի զբաղվելու համար: Մոր հիվանդության մասին իմանալուց հետո որոշեց՝ աշխատելու է: Քեռին ու մայրը կտրականապես դեմ էին, որ 12-ամյա տղան այդ ծանր աշխատանքով զբաղվի: Նկարչության ձիրքով օժտված տղան, սակայն, մորից գաղտնի սկսեց սովորել գերեզմանաքարերի վրա տառեր դաջելը:
Մեկ ամիս անց Արենին արդեն վստահում էին աշխատանքի վայրում ու թույլ տալիս ինքնուրույն աշխատել:
«Սկզբում սովորեցրին զուբիլը ոնց բռնեմ, մուրճով ոնց խփեմ: Մի ամիս հետո սկսեցի ինքնուրույն փորձել: Դրանից հետո ոնց որ սկսեցի սիրել էդ գործը, շեֆս ասում էր՝ արի գործ արա, ձեր օրվա հացի փողը կհանես»,- հիշում է Արենը:
Առաջին աշխատավարձն Արենն ստացել է հուլիսի 15-ին, մորը վիրահատելուց ու իր 13-ամյակը նշելուց օրեր առաջ:
2014թ.-ի հունվարին ինչպես բժիշկներն էին ասել, մորը կրկին տանում են բուժզննման՝ երկրորդ վիրահատությունը կատարելու համար: Բժիշկները, սակայն, հրաժարվում են վիրահատել: «Իր բժիշկն ասեց՝ ես չեմ կարա էս օպերացիան անեմ, հետո տարանք ուրիշ բժշկի՝ մի պրոֆեսորի մոտ, ինքն էլ ասեց՝ ես էլ էլ չեմ կարա, տարեք էս աղջկան իր հայրենիք, ինչ էղնում ա, թող իրա հողում էղնի»,-հիշում է Արենը:
Տղան մորն ու 12-ամյա եղբորն ուղարկում է Հայաստան, ինքը մնում՝ կուտակված շուրջ 500.000 ռուբլու պարտքն աշխատելու համար: Դրա համար պահանջվում է մի ամբողջ տարի:
Եղբայրների միջեւ տարիքային տարբերությունը մեկ տարի է, սակայն մայրը նրանց միասին է ուղարկել դպրոց, որ նույն դասարանում սովորեն ու միշտ միասին լինեն:
Դպրոցից դուրս մնացած Արենը եղբորը ստիպում է, որ անպայման դպրոց գնա, որ գոնե ինքը կրթություն ստանա: Հայաստան եկած եղբայրը մեկ տարի դպրոց չգնալու պատճառով հետ է մնում դասընկերներից ու ուսումը շարունակում 7-րդ դասարանից:
Արենն ասում է՝ ինքն էլ կուզեր սովորեր, բայց մոր բուժման ծախսերը հոգալն ու նրա կողքին լինելն ամենակարեւորն է եղել:
«Տանն էի լինում, մորս էի խնամում, շատ վախտ պառկած էր: Անընդհատ հետը գնում գալիս էի հիվանդանոց, որ հանկարծ մի վատ պատասխան լինի, ինձ ասեն, հանկարծ իրան չասեն: Չէի էլ մտածում դասի գնալու մասին: Էդ վախտ ինձ չէր հետաքրքրում դպրոցը, ուզում էի մենակ մորս մոտ մնամ, գիտեի ինչ ա լինելու»,- հասուն տղամարդու գիտակցված սառնասրտությամբ ասում է 15 տարեկան պատանին:
Չնայած հոգսաշատ առօրյային, Արենը մեկ-մեկ փորձել է դպրոց գնալ, հանդիպել դասընկերներին, պահակը սակայն, ներս չի թողել տղային, ասելով՝ կողքից մարդիկ չպետք է մտնեն դպրոց:
Սեպտեմբերին եղբայրը՝ Կարենը, կփոխադրվի 9-րդ դասարան: Արենը շատ է ուզում ուսումը շարունակել եղբոր հետ: Գիտի, երկու տարի դպրոց չգնալուց հետո միանգամից 9-րդ դասարան իրեն դժվար թե թողնեն, բայց հոգու խորքում թաքուն հույսեր ունի դեռ…
Իսկ մինչ սեպտեմբեր դեռ կարեւոր անելիքներ ունի: Չնայած կուտակված պարտքերին, տատ ու պապի հետ բնակվող Արենը չի ուզում որ իրենց խղճան, չի ուզում օգնեն: Ամեն ինչ ինքը պետք է անի: Ասում է. «Ռուսատան գնամ, գործ անեմ, պարտքերս տամ, մորս գերեզմանաքարը սարքեմ… Էնտեղ շատ սիրուն քար կա վարդագույն ուզորներով, ստեղ էդ քարից չկա: Ուզում եմ էդ քարի վրա տառերը ես գրեմ, նկարը կխնդրեմ մեր ցեխի նկարիչը կանի»:




























