Սահմանագծին ծառայող վանաձորցի Շանթ Ղազարյանը մորը խոստացել էր՝ ծննդյան 50-ամյակը միասին են նշելու: Ծննդյան օրը՝ ապրիլի 6-ին սակայն, բոլորը զանգահարում շնորհավորում էին, իսկ մինուճար որդու զանգն ուշանում էր:
«Ամբողջ օրն անհանգիստ էի, չգիտեի ինչ անեմ, ում զանգեմ: Երեկոյան 5-ի կողմը Շանթս զանգեց ուրիշի հեռախոսից, շնորհավորեց, թե՝ մամ ջան, ես քեզ խոստացել էի, որ միասին ենք նշելու ծնունդդ, գալիս եմ Հայաստան, որ միասին նշենք: Զարմացա՝ ո՞նց ես գալիս: Թե՝ հա, ես գալիս եմ, ինձ բերում եմ, ոտքս մի քիչ վնասված ա, էնպես արեցի, որ ինձ տեղափոխեն Երեւան: Ու ես հասկացա, որ ինքը վիրավոր է»,- պատմում է զինվորի մայրը՝ Սուսաննա Մելիքյանը:
Թե ինչ հանգամանքներում է վիրավորվել որդին, մայրը հստակ չգիտի: Շանթն այդ մասին նախընտրում է լռել: Վիրավորվելու հետեւանքով կատարվել է ոտքի ստորին մասի ամպուտացիա: Երիտասարդը, սակայն, չի ընկճվում:
«Մինչեւ էսօր էլ ասում է՝ մամ ջան ես շատ լավ եմ, ոչ մի բան չկա, կարեւորը որ ես կամ, կենդանի եմ, էստեղ եմ: Արել եմ էն, ինչ պետք էր անել, ես ոչ մի բան առանց մտածելու չեմ արել»,- ասում է մայրը:
Շանթը ընտանիքի միակ որդին է, իրենից մեծ քույր ունի, ով սովորում է Երեւանի բժշկական համալսարանում: Հայրը դեռ 12 տարի առաջ է մահացել: Երեւանում վարձով բնակվող մայր ու աղջիկ հույսը դրել են տան միակ տղամարդու՝ Շանթի վրա, ով պետք է հունիսին ավարտեր ծառայությունն ու անցներ ընտանիքի հոգսերը թեթեւացնելու գործին:
Դստեր ուսման վարձը վճարելու համար տիկին Սուսաննան ստիպված է եղել վարկ վերցնել: Վարկերը տարիների ընթացքում կուտակվել են ու մայրը հիմա չգիտի, թե ինչպես է դրանք վճարելու:
«Բոլոր հույսերը կապել էինք Շանթի հետ. ինքը աշխատող տղա է, միշտ ամեն ինչ արել է, հիմա էլ հույսով, որ կգա, կշարունակենք միասին աշխատել…»,- խոսքը կիսատ է թողնում մայրն ու հուզմունքը զսպելով շարունակում. «Հիմա մտածում ենք միայն, որ ինքը ոտքի կանգնի: Դեռ պիտի սովորի, պիտի աշխատի, որովհետեւ մեր տան տղամարդը ինքն է»:
Նշենք, որ արդեն լուծվել է Շանթի ոտքի պրոթեզավորման հարցը: Մինչ Շանթը կվերադառնա բնականոն կյանքի, ընտանիքին աջակցել ցանկացողները կարող են ձեռք մեկնել: Նրա մոր՝ Սուսաննա Մելիքյանի հեռախոսահամարն է 098887442:





























