ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շաբաթ օրը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցում անհանգստություն է հայտնել միջսիրիական բանակցությունները ձգձգելու փորձերի վերականգնման կապակցությամբ, ինչպես նաեւ մատնանշել է Սիրիայի չափավոր ընդդիմության` «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորումից հնարավորինս արագ տարանջատման անհրաժեշտությունը, հայտնում է ՌԴ արտգործնախարարը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Բացի «չափավոր» ընդդիմության եւ «Ջաբհաթ ան-Նուսրայի» տարանջատման խնդիրների հրատապությունն ընդգծելուց, ինչպես դա վաղուց խոստացել է ԱՄՆ-ն, Սերգեյ Լավրովը մտահոգություն է հայտնել տարբեր հորինովի պատրվակներով քաղաքական բանակցությունների վերսկսումը ձգձգելու փորձերի հետ կապված, ինչը հստակորեն դրսեւորվել է հունիսի 3-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում ճեպազրույցի ընթացքում», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
ԱԳՆ-ից նշել են, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:





























