Մենաշնորհը միայն վայելք չի, այն ենթադրում է լուրջ պարտավորություններ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի՝ մենաշնորհը օրինականացնելու առաջարկին։

Ռուստամյանն ասաց, որ Արծվիկ Մինասյանի միտքը խեղաթյուրել են, իրականում նա այլ բան է նկատի ունեցել։

«Արծվիկ Մինասյանի ասածը խեղաթյուրվել է, նա ուղղակի մեջբերել էր Սահմանադրության պահանջը։ Այսինքն՝ եթե կարող է որեւէ ոլորտում մենաշնորհ լինել, դա պարտադիր կլինի օրենքով, պատահական չէ, որ դա սահմանադրությամբ նախատեսված է։ Եւ ինչու չեն ուզում, որ օրենքով լինի, որովհետեւ օրենքը ենթադրելու է նաեւ լուրջ պարտավորություններ։ Մենաշնորհը միայն վայելք չի, այն ենթադրում է լուրջ պարտավորություններ։ Մեր հայկական տիպի մենաշնորհները, ըստ էության, դե ֆակտո մենաշնորհ են, բայց դե յուրե ազատ են, գործում են՝ իբրեւ գերակա դիրք ունեցող տնտեսվարող, որն իրականությանը չի համապատասխանում»,-ասաց դաշնակցական պատգամավորը։

Ըստ նրա՝ բաց քննարկման ժամանակ ավելի ակնհայտ կդառնա՝ մենաշնորհի գոյությունն ու դրա պատճառները։

«Չեմ կարծում, որ օրինակ, եթե շաքարավազի հարցը բերվի ու քննարկվի, ապա կապացուցվի, որ դա մի ոլորտ է, որը պետք է մենաշնորհային լինի։

Ամբողջ հարցը էստեղ է, որ ավելի բաց քննարկման ժամանակ պարզ կդառնա, կամ իրականում կա մենաշնոհ, որի մասին չեն խոսում ու թաքցնում են, կամ եթե ուզում եք ասեք, որ դա այդպես էլ պետք է լինի, ուրեմն ապացուցեք, այսինքն՝ շատ տրամաբանական պրոցես տեղի կունենա։ Եւ ամեն ինչ կլինի Սահմանադրության ոգուն համապատասխան»,- ընդգծեց Ռուստամյանը: