«Երեւան Էքսպո»  ցուցահանդեսային համալիրում, այսօր՝ հունիսի 4-ին, կայացել է «Ոզնի» ամենամյա համակարգչային մրցույթի մրցանակաբաշխությունը, որի անցկացմանն օժանդակել է «Հայ Տեք» կիբերանվանգության կենտրոնը` ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այս տարի մրցույթին մասնակցում էին շուրջ 200 դպրոցների 6-10-րդ դասարանների 400 աշակերտներ: Ամենամյա մրցույթի նպատակն է բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց ստեղծագործական մտքերը, ստուգելու սեփական կարողությունները, ինչպես նաեւ ստեղծել հարթակ մարզերի եւ մայրաքաղաքի ուսուցիչների համագործակցության եւ փորձի փոխանակման համար:

Հանդես գալով շնորհավորանքի եւ շնորհակալական խոսքերով` մրցույթի կազմակերպիչներից Ռուզաննա Նիկոյանը, նշելով, որ մրցույթի կարեւորագույն նպատակներից է ընդհանրական պատկերացում տալ աշակերտներին համակարգչի մասին, կրթել գրագետ, բազմակողմանի զարգացած, գիտելիքահենք սերունդ, ընդգծեց, որ դպրոցների այսօրվա աշակերտները վաղվա զինվորներն են, ովքեր իրենց գիտելիքները պետք է ծառայեցնեն զինված ուժերի առավել զարգացման գործին:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյան իր հերթին ընգծելով նմանաբնույթ միջոցառումների անցկացման կարեւորությունը, փաստեց, որ նշյալ մրցույթը նպատակ ունի աշակերտների շրջանում հետաքրքրություն առաջացնել ինֆորմատիկա առարկայի եւ առհասարակ համակարգչային տեխնոլոգիաների նկատմամբ, քանի որ այսօրվա դպրոցականների ապագա նորարարական լուծումներն, անշուշտ, առանցքային դերակատարություն են ունենալու նաեւ պաշտպանական բնագավառում: